Էդգար Ղազարյան. Նրանք բոլորը դարձել են քավության նոխազներ
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լհաստանում ՀՀ նախկին դեսպան էդգար Ղազարյանը գրում է.
«2020 թվականի 44 օրվա պատերազմի ընթացքում և նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիոն հայտարարությունից հետո, ռազմական դրության պայմաններում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պաշտոնանկ են արվել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը (Անվտանգության խորհրդի անդամ), ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը (Անվտանգության խորհրդի անդամ), ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, գեներալ-լեյտենանտ Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանը (Անվտանգության խորհրդի անդամ), ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Միքայել Համբարձումյանը (Անվտանգության խորհրդի անդամ), ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը (Անվտանգության խորհրդի անդամ), ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը։
Պաշտոնից ազատվել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ առողջապահության, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարները։
Ստացվում է, որ կարճ ժամանակահատվածում վարչապետի միջնորդություններով պաշտոններից հեռացվել են Անվտանգության խորհրդի և կառավարության անդամների կեսից ավելին։ Չնայած այն հանգամանքին, որ «թափանցիկ» և «հրապարակային» գործելաոճ հորջորջած կառավարության ղեկավարը որևէ բացատրություն և մեկնաբանություն չի տվել ռազմական դրության պայմաններում բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաների պաշտոնանկությունների պատճառների վերաբերյալ, որոնց մի զգալի մասը պատասխանատու էին երկրի ուժային և անվտանգային կառույցների ղեկավարման համար, ակնհայտ է, որ մեծ մասի դեպքում պաշտոնանկության հիմք են հանդիսացել ձախողումները։
Ինչ է ստացվում․ օրինակ, արտաքին քաղաքականության մեջ ձախողումների համար նախարարը պաշտոնանկ է արվում, բայց նրա անմիջական ղեկավար վարչապետը՝ շարունակում է պաշտոնավարել։
Կամ, պաշտպանության բնագավառում ձախողումների համար նախարարը պաշտոնանկ է արվում, բայց նրա անմիջական ղեկավար վարչապետը՝ շարունակում է պաշտոնավարել․․․ և այդպես շարունակ՝ բոլորի դեպքում։ Այդ ամենը տրամաբանական կլիներ միայն այն պարագայում, եթե այդ պաշտոնյաները կատարած չլինեին իրենց անմիջական ղեկավարի՝ վարչապետի հանձնարարությունները, գործեին նրանից գաղտնի, իրենց քայլերն ու գործողությունները չհամաձայնեցնեին նրա հետ և այլն։
Բայց եթե նման բան տեղի չի ունեցել, նշանակում է, որ նրանք բոլորը դարձել են քավության նոխազներ, հեռացվել են իրենց պաշտոններից, բայց իր պաշտոնին է մնացել նրանց բոլորի ղեկավարը, բոլոր ձախողումների և դժբախտությունների թիվ մեկ պատասխանատուն ու թիվ մեկ մեղավորը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նման անտրամաբանական, անհասկանալի, անբացատրելի և տարօրինակ վիճակ դժվար թե որևէ մեկին հաջողվի գտնել որևէ երկրի պատմության մեջ։
Ակնհայտ է մի բան, որ այդ մարդիկ պետք է պաշտոնազրկվեին, քանզի նրանք բոլոր ձախողել են։ Բայց նրանց պաշտոնազրկման հիմքը պետք է լիներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այլ ոչ թե նա որոշումներ կայացներ նրանց պաշտոնից ազատելու վերաբերյալ, ինքը շարունակեր մնալ իր դիրքերում և շատ դեպքերում նրանցից անհաջողներին նշանակեր այդ պաշտոններում»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի խղճուկ կառավարությունը որոշել է «պատժել» Սուրբ Եկեղեցուն և նրա հավատավոր ժողովրդին. Էդգար Ղազարյան
- Վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի. Էդգար Ղազարյան
- Էդգար Ղազարյանի հիշեցումը միամիտ, պատրանք փայփայողներին
- Հայաստանում հերթական անգամ տապալվել է սահմանադրական կարգը, Փաշինյանն իրավունք չուներ ընտրությունների անցկացման օր հայտարարել․ Էդգար Ղազարյան
- Էդգար Ղազարյան. Հավանաբար, Փաշինյանը կհայտարարի նաև, թե ով կարող է մասնակցել ընտրություններին