Գները շարունակում են աճել, իսկ մարդկանց եկամուտները՝ ոչ. Սուրեն Պարսյան
Տնտեսագետ Սուրեն Պարսյանն անդրադարձել է ՀՀ-ում արձանագրվող գնաճին։
«ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գները աճել են 5,2 տոկոսով, իսկ սննդամթերքի և ալկոհոլային խմիչքների գները աճել են 7,2 տոկոսով։ Հատկապես մտահոգիչ է առաջին անհրաժեշտության ապրանքների գների կտրուկ աճը։ Մասնավորապես՝
1․ Մրգի շուկայում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է 10.9%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ` 6.9% գնաճ:
2․ Յուղերի և ճարպերի շուկայում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է 24.6%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 4.3% գնաճ (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ կազմել է 62.2%, իսկ 2020թ. փետրվարի համեմատ՝ 8.7%):
3․ Շաքարի և շաքարավազի շուկայում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ գրանցվել է 40.9%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 2.3% գնաճ:
4․ Կաթնամթերք, պանիր և ձու շուկայուն 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ գրանցվել է 16.5%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 2.2% գնաճ: Ձվի գինը 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ աճել է 78.2%-ով, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 8.1%-ով:
5․ 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ մսամթերքի շուկայում գրանցվել է 3.4%, իսկ 2021թ.փետրվարի համեմատ՝ 0.8% գնաճ:
6․ 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ հացաբուլկեղենի և ձավարեղենի շուկայում գրանցվել է 9.4%, 2021թ. փետրվարի համեմատ՝ 0.6% գնաճ (հացի և ալյուրի գնաճը 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ կազմել է համապատասխանաբար 8.6% և 14.4%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 0.2% և 1.6%):
7․ Բանջարեղենի շուկայում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է 1.4% գնաճ, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 4.7% գնանկում:
Գները շեշատկի աճել են նաև վառելիքի շուկայում, մասնավորապես՝ 2021թ. մարտին փետրվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 8.2% և 11.2%-ով։
2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 4.9% գնաճ, իսկ դիզելային վառելիքի գները նվազել են 4.9%-ով: 2021թ. մարտին 2020թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի համապատասխանաբար 14.0% և 18.1% գնաճ:
Հատկանշական է, որ նույն պաշտոնական վիճակագրության համաձայն՝ մարդկանց աշխատավարձերը, թոշակները և նպաստները մնացել են գրեթե նույնը։ Իհարկե, բացառություն են կազմում պետական բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց եկամուտները շարունակաբար աճում են։
Այո, Հայաստանը գտնվում է սոցիալ-տնտեսական ճգնաժամում, և այս ընթացքում զրկանքները, հարկային բեռն և վնասները արդարացի պետք է բաշխվի հասարակության անդամների միջև։ Հակառակ դեպքում, էլ ավելի կբևեռացվի հասարակությունը, կխորանա աղքատությունը՝ պարարտ հիմքեր ստեղծելով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ. Հայաստանում պահպանվում է գնաճային սպասումների զգալի ավելացում
- Պետությունը՝ կառավարությունն ու դրա ղեկավարը, գնաճի զսպման հարցում անգործության են մատնվել. Թաթուլ Մանասերյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին