Ղարաբաղը պատկերացնել Ադրբեջանի մաս արդեն անհնար է. Վերլուծաբան
«Այն ժամանակ, երբ միջազգային հարաբերությունների հին համակարգը վերապրում է վերջին տասնամյակում ամենալուրջ ճգնաժամը, Լեռնային Ղարաբաղում իրադրության սրացումները շարունակում են ընթանալ ավանդական սցենարով: Պատերազմը թվում է անխուսափելի, սակայն ապոկալիպսիսից 2 տասնյակ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ստեփանակերտի հյուրանոցում սրճում են օտարերկրյա քաղաքացիներ, ովքեր սովոր են միայն ապահով հանգստի»:
Այս մասին գրում է «Կարնեգի» հիմնադրամի մոսկովյան կենտրոնի վերլուծաբան Վադիմ Դուբնովը`Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտությանը նվիրված վերլուծական անդրադարձում: Ստորև ներկայացնում ենք հոդվածի հայերեն թարգմանությունը`որոշ կրճատումներով. «Եթե հետխորհրդային տարածաշրջանի մնացած համանման հակամարտություններում տեղական ազատատենչությունը հաճախ օգտագործվում էր Կրեմլի կողմից սեփական շահերի համատեքստում, ապա ղարաբաղցիները կարողացան արտաքին կայսերական ազդակները ուղղորդել առաջին հերթին իրենց անհրաժեշտ ուղղությամբ: Արդյունքում ղարաբաղյան կարգավորման գործընթացը դարձավ այն միակը համանման գործընթացներից, որտեղ Մոսկվան չունի վճռորոշ խոսք: Փաստացի անկախության 20 տարիների ընթացքում Ղարաբաղը գրեթե վերածվել է Հայաստանի սովորական մի մարզի:
Հենց այս հանգամանքն է բնութագրում իրական ստատուս քվոյի էությունը, այլ ոչ թե սահմանին տիրող իրավիճակը: Դրա պատճառով էլ ցանկացած կարգավորում անիմաստ է դառնում: Խնդրի կարգավորում որպես այդպիսին չկա, քանի որ բոլորը առանց դրա էլ հանգիստ ու գոհ են: Շփման գշում երկու կողմերի զինվորականները զոհվել են զինադադարի ամբողջ 20 տարիների ընթացքում, որոնց մեծ մասը զոհ է դարձել դիպուկահարների կրակոցներին: Վերջին շրջանում իրավիճակը փոխվել է. մարդիկ զոհվում են փոխադարձ դիվերսիաների և ականապատումների հետևանքով:
Ղարաբաղյան վերլուծաբանները համարում են, որ պատերազմի փոխադարձ պատրաստակամությունը հուսալիորեն վերահսկվում է երկու կողմերից: Այս տեսակետի հետ համաձայն են և Երևանում, և Բաքվում: Բացի այդ, ինչպես ցույց տվեց անցած տարվա օգոստոսին հայկական ուղղաթիռի հետ կատարված միջադեպը, կողմերից ոչ մեկը պատրաստ չէ լայնամասշտաբ ռազմական գործողություններ վերսկսելուն: Ղարաբաղում մարդիկ արդեն ընտելացել են այն մտքին, ըստ որի պատերազմն արդեն այնքան էլ անխուսափելի չէ, որքան թվում էր նախկինում: Ստատուս-քվոն ոսկրացել է:
Ղարաբաղը պատկերացնել որպես Ադրբեջանի մաս, արդեն գրեթե անհնար է: Այս մասին գիտակցում են երկու կողմերն էլ, և դրա համար էլ իրականում քննարկվում է միայն այն տարածքների վերադարձի հարցը, որոնց նկատմամբ պատերազմի ժամանակ վերահսկողություն ե սահմանել ղարաբաղցիները, և որոնք չեն մտել սովետական Ղարաբաղի կազմի մեջ: Թեև այս հարցում ևս հեռանկարները տեսանելի չեն, քանի որ Լեռնային Ղարաբաղը այդ շրջանները սահմանադրորեն հռչակել է իր տարածքի մասը: Նախկին ադրբեջանական Ջեբրայիլի շրջանում հիմնվել են Բաքվի հայ փախստականներով բնակեցված ավաններ ու զինվորական ավան, որոնք ակնհայտորեն ժամանակավոր բնույթ չեն կրում: Մի խոսքով, անգամ այս շրջանների վերադարձի հեռանկարին ոչ մեկ լրջորեն չի հավատում, իսկ սահմանի երկայնքով փոխհրաձգությունից բացի որևէ քննարկման թեմա գոյություն չունի: Թեկուզև հենց «Մադրիդյան սկզբունքների» նորացված փաթեթի ներքո»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում