Համալսարանները քաղաքից հանելը նշանակում է քանդել մի մտածելակերպ, որը ձևավորվել է դարերով. Արամ Թալալյան
«Իշխանությունները կեղծ օրակարգեր բերելիս հիմնականում ասում են, թե դրսում այդպես է, և շատ մարդիկ, որոնք չեն եղել դրսում, չգիտեն, որ այդպես չի»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց դիրիժոր, թավջութակահար Արամ Թալալյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Երևան քաղաքի կենտրոնում գտնվող բուհական շենքերը պետք է հանվեն վաճառքի և դրանից կուտակված գումարով Երևանից դուրս պետք է ստեղծվի բուհական, ակադեմիական քաղաք։
Նրա խոսքով, համալսարանները պետք է լինեն շատ խիտ քաղաքներում, որտեղ գրադարաններ կան, տրանսպորտ կա. համալսարանը քաղաքի կյանքով պետք է շնչի, այլ ոչ՝ արոտավայրի։
«Եվ համալսարանները քաղաքից հանելը նշանակում է քանդել մի մտածելակերպ, որը ձևավորվել է դարերով։ Սա երկու հարց է լուծում. նախ ուշադրությունը շեղվում է, երկրորդն էլ՝ այդ շեղման ընթացքում տեղի են ունենում բաներ, որոնցից մենք տեղյակ չենք։ Այս հարվածով համ բուհի հարցն է լուծվում, համ էլ Օվերտոնի պատուհաններ են բացվում։ Մեր ամբողջ պետությունն է արդեն Օվերտոնի պատուհանում»,- նկատեց նա։
Նա կարծիք հայտնեց, որ ուսանողները, որոնք երեք տարի առաջ փողոց էին դուրս եկել, այսօր խորը դեպրեսիայի մեջ են գտնվում, քանի որ հիմնականում մտածում են, թե սխալվել են։
«Այս մարդիկ արդեն հավատ չունեն, որ այստեղ ինչ-որ մի բան կարելի է փոխել, զարմանալի է։ Մեր սերունդն ավելի կոտրված պետք է լիներ, բայց իրենք ավելի վատ վիճակում են, իրենց ապագան չեն կապում այս երկրի հետ։ Ու մի պահ պատկերացրեք՝ սահմանները եթե բացվեն, ինչ տեղի կունենա»,- ասաց նա։
Արամ Թալալյանը նկատեց՝ հայ ազգը շատ կարճ հիշողություն ունի. «Նիկոլն արցախցիների վերաբերյալ իր դիրքորոշման մասին վաղուց ասել էր, բայց մարդիկ հրճվում էին այդ մտքից, ինչը սարսափելի է։
Ասում էին՝ Արցախի հողը թող արցախցին պահի, հիմա նույնը Սյունիքի մասով են ասելու։ Դա կոչվում է պառակտում, մենք այլև հանրություն չենք, հասարակություն ենք։ Էս մարդիկ չունեն հայրենիք, բիոմասայի նման մի բան են»։
Հարակից հրապարակումներ`
- Այլընտրանքային նախագծեր խումբ. Ինչ փողերով են գնվելու բուհերը
- Այս իշխանությունը տկար է, չի կարող իր ծրագրերը բուհի հետ իրականացնել և նման շատ այլ փաստեր. ԵՊՀ ուսխորհրդի նախագահ