Թուրքիան ձերբակալում է պաշտոնաթող ծովակալներին, որոնք իշխող կուսակցությանը մեղադրել են «բանակի իսլամացման մեջ»
Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է թոշակի անցած 10 ծովակալների, որոնք միասնական նամակ էին ստորագրել՝ ի պաշտպանություն Մոնտրյոյի կոնվենցիայի։ Նամակը ստորագրած ևս չորս ծովակալներ կանչվել են դատախազություն՝ հարցաքննության: Այս մասին գրում է Ria-ն։
Նշվում է, որ նախօրեին՝ կիրակի օրը, հրապարակվել է 103 պաշտոնաթող թուրք ծովակալների նամակը, որոնք Մոնտրյոյի կոնվենցիան անվանել են Թուրքիայի դիվանագիտական հաղթանակ, որը վերականգնում է իր սուվերեն իրավունքները Բոսֆորի և Դարդանելի նկատմամբ և հայտարարել, որ անընդունելի է քննարկել սույն համաձայնագրի վերանայման հարցը՝ Ստամբուլի ջրանցքի նախագծի հետ կապված, որը տեղի կանցնի զուգահեռ Բոսֆորին և կկապի Մարմարա ծովը Սև ծովի հետ:
Նամակում կարծիք է արտահայտվել նաև Թուրքիայի գործող Սահմանադրությունը պահպանելու անհրաժեշտության մասին`Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանի կողմից երկրի նոր հիմնական օրենք մշակելու կոչերի ֆոնին, և դատապարտվել է «Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արժեքներից Թուրքիայի զինված ուժերի հեռանալը ցույց տալու փորձերը»:
Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը, փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության պետ Ֆահրեթին Ալթունը, նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը և մի քանի թուրք նախարարներ դատապարտել էին պաշտոնաթող ծովակալների նամակը:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը գրավոր հայտարարության մեջ նշել է, որ կոչի հեղինակները «նախանձից կուրացած են և չեն ցանկանում տեսնել երկրի զինված ուժերի հաջողությունները», և որ դա ինքնին «ուղղված է բանակին և ժողովրդավարությանը վնաս հասցնելուն»: Անկարայի դատախազությունը հայտարարեց, որ հետաքննություն է սկսել պաշտոնաթող ծովակալներից նամակի հրապարակման կապակցությամբ:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Բոսֆորով նավերի անցման ռեժիմի մասին Մոնտրյոյի կոնվենցիան չի տարածվելու նախատեսված Ստամբուլի ջրանցքի վրա: Միևնույն ժամանակ, ըստ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի, նախագիծն ուղղված չէ Թուրքիայի կողմից Մոնտրյոյի կոնվենցիայից հրաժարվելուն:
1936 թվականին ընդունված Մոնտրյոյի կոնվենցիան երկրների առևտրանավերին վերապահում է ազատ անցում նեղուցներով թե՛ խաղաղ, և թե՛ ռազմական ժամանակաշրջանում։ Սակայն ռազմանավերի անցման ռեժիմը սևծովյան և ոչ սևծովյան պետությունների նկատմամբ տարբեր է։ Սևծովյան տերությունները խաղաղ ժամանակ կարող են նեղուցներով կարող են անցկացնել իրենց ցանկացած կարգի ռազմանավերը՝ պայմանով, որ նախապես Թուրքիայի իշխանություններին կծանուցեն այդ մասին։ Այնինչ ոչ սևծովյան տերությունների ռազմանավերի համար մտցված են էական սահմանափակումներ թե՛ կարգի (դասի), թե՛ տոննաժի (ջրատարողության) առումով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան