«Արաքս թռչնաֆաբրիկա». «Այլևս չենք լռելու...»
«Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն հանդես է եկել հայտարարությամբ` կապված ձվի շուկայում տիրող իրավիճակի հետ.
«Այլևս չենք լռելու...
«Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն, հանդիսանալով հավի ձվի և թռչնամսի արտադրության ոլորտներում գործունեություն ծավալող առաջատար ընկերություն, խորը մտահոգություն է հայտնում վերջին շրջանում և հատկապես Զատիկին նախորդող օրերին ձվի շուկայում տեղի ունեցող զարգացումների առնչությամբ։
Գտնում ենք, որ այս ամենի պատճառները նոր չեն, այլ գալիս են դեռևս 2019 թվականի նոյեմբերից, երբ ձվի շուկայում սկսված լճացման ու գերարտադրության պատճառով գները սկսեցին նվազել։ Արդյունքում 2019 թվականի վերջին ու 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին շուկայում գնանկում էր ու ընդհուպ 19 դրամով ձու էր վաճառվում։ Դրա հետևանքով շուկայից որոշ տնտեսվարողներ դուրս մղվեցին, արտադրողները ստիպված էին կրճատել իրենց արտադրության ծավալները՝ վնասները նվազեցնելու համար։ Հաշվի առնելով տեղական շուկայի հագեցվածությունը՝ «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն քայլեր է ձեռնարկել ձու արտահանելու համար։ Մասնավորապես՝ 2020 թվականի մարտ, ապրիլ, հունիս, հուլիս ամիսներին արտահանել է ավելի քան 3.9 մլն հատ ձու, ընդորում՝ շատ ավելի ցածր գներով՝ համեմատած այդ ժամանակ ՀՀ շուկայում Ընկերության կողմից իրացվող ձվի գների հետ։
Անդրադառնալով վերջին շրջանում ձվի թանկացմանը, հարկ ենք համարում նշել, որ դա պայմանավորված էր մի շարք հանգամանքներով։ Նախ՝ կերի թանկացմամբ. 2019-2020թթ-ի համեմատ կերը թանկացել է ավելի քան 26%-ով։ Էական ազդեցություն է թողել նաև դոլարի փոխարժեքը, որը 2020 թվականի համեմատ աճել է ավելի քան 10%-ով՝ ավելացնելով թռչնաֆաբրիկաների արտաժույթով վարկերի սպասարկման ծախսերը։
Իսկ ինչ վերաբերում է Զատիկին նախորդող վերջին օրերին ձվի գների շեշտակի բարձրացման մասին հրապարակումներին ու ահազանգերին, ապա տեղեկացնում ենք, որ «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի կողմից ձվի բացթողման գների ոչ մի փոփոխություն չի եղել։ Նման երևույթների հնարավոր պատճառ կարող էր լինել ձվի դեֆիցիտը, քանի որ 2019-2020թթ եղել է ձվի գերարտադրություն, շուկան լճացել է, ինչի պատճառով շատ տնտեսություններում ստիպված են եղել գնալ հարկադիր մորթի, փոփոխել արտադրական ցիկլերը։ Պակասել է ածան թռչունների գլխաքանակը, հանգեցնելով արտադրության ծավալների կրճատմանը։ Չենք բացառում նաև այն, որ որոշ անբարեխիղճ տնտեսվարողներ փորձել են ստեղված իրավիճակից առավելագույնը քաղել ու թանկացրել են իրենց ապրանքների գները։
Ցավով արձանագրում ենք, որ մամուլում, սոցիալական տարբեր հարթակներում նկատվում են «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի գործարար համբավը վարկաբեկելուն ուղղված քայլեր, տարածվում են իրականությանը չհամապատասխանող լուրեր, թե իբր «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն այլ արտադրողների ձվերը գնել ու պահեստավորել է՝ շուկայում դիֆիցիտ առաջացնելու համար։ Առավել քան համոզված ենք, որ սա արվում է ուղղորդված, որոշ անբարեխիղճ ընկերությունների կողմից, քանի որ այս ամենի ձեռագիրը մեզ քաջ ծանոթ է և նախկինում էլ նման դրսևորումներ եղել են։
Ավելին՝ դեմագոգիայի վերջին դրսևորում ենք համարում այս իրավիճակում օգուտ ստնալու հարցը Արցախյան վերջին պատերազմի 5000-ից ավել զոհերի անվան հետ կապելը։ Խստորեն դատապարտում ենք նման երևույթները ու հորդորում ձեռնպահ մնալ մեր հերոսների թափած արյունը նեղ անձնական շահերին ծառայեցնելուց՝ հասարակության լայն շերտերի մոտ հուզականություն առաջացնելու ու էժանագին փիառի նպատակով։
Իրականությանը չհամապատասխանող ու կեղծ լուրեր տարածելով, շատ լրատվական միջոցներ չեն անդրադառնում կամ ոչ բավարար չափով են անդրադառնում Ընկերության կողմից մեր երկրի տնտեսության մեջ կատարվող մեծածավալ ներդումներին, տնտեսական զարգացմանն ուղղված քայլերին ու կորպորատիվ պատասխանատվության շրջանակներում իրականացվող աշխատանքներին։ Ավելորդ չենք համարում նշել, որ միայն 2020 թվականի ընթացքում ՝
1. 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստան Համահայկական հիմնադրամին է փոխանցվել Ընկերության մեկ օրվա հասույթն ու շուրջ 600 աշխատակիցների մեկ օրվա աշխատավարձը,
2. Կացարաններով են ապահովվել ու մինչև օրս ապահովվում են Արցախից տեղահանված շուրջ 200 մեր հայրենակիցներ,
3.Պատերազմի ընթացքում զինված ուժերին պարբերաբար մատակարարվել է անմիջապես օգտագործման համար պատրաստի մսամթերք,
4. Առաջնագծում ծառայություն իրականացնող զինվորների համար կառուցվել են հարմարավետ կացարաններ,
5. Դիլիջան, Ջերմուկ և Վաղարշապատ քաղաքներում ապաստանած Արցախի մեր հարյուրավոր հայրենակիցներին պարբերաբար տրամադրվել է ձու և թռչնամիս,
6. Ավելի քան 40 հազար 1-օրական ճտեր անվճար տրամադրվել են Արմավիրի ու Սյունիքի մարզի գյուղացիական տնտեսություններին՝ թռչնաբուծության ոլորտը զարգացնելու տամար,
7. Չնայած 2020 թվականին կորոնավիրուսով ու պատերազով պայմանավորված դժվարություններին՝ մեծ ներդրումների շնորհիվ կառուցվել է ժամանակակից ինկուբատոր, որը մոնտաժվել ու շահագործման է հանձնվել հենց պատերազմի ժամանակ։ Դրա շնորհիվ հնարավորություն է ստեղծվել տեղական թռչնաֆաբրիկաներն ապահովել 1-օրական ձվատու և մսատու թռչուններով՝ նվազեցնելով ներմուծումից կախվածությունը ու լուծելով սննդամթերքի ինքնաբավության ապահովման կարևոր խնդիր։
Չնայած որոշ «խելոքներ» այս հարցում էլ ուղղորդված արշավ են տանում՝ անհիմն պատճառներ բերելով ինկուբատորի փակման անհրաժեշտության վերաբերյալ։ Ի դեպ՝ առաջիկա շաբաթներին Արցախ կուղևորվի ինկուբատորում արտադրված թռչունների հերթական խմբաքանակը։
Սա կատարված աշխատանքների մի մասն է միայն ու հարկ չենք համարում անդրադառնալ նախորդ տարիներին կատարված գործերին։
Վերը նշված հանգամանքները հաշվի առնելով, գտնում ենք, որ համապատասխան պետական մարմինները պետք է տան հետևյալ հարցերի պատասխանները՝
1.Շուկայում որոշ անբարեխիղճ արտադրողներ իրականացրել են դեմպինգային քաղաքականություն, նվազեցրել են գները և իրավասու պետական մարմինները պետք է պարզեին, թե ո՞ր ընկերություններն են սկսել դա կատարել։ Մինչդեռ 2020-ի փետրվարին վարույթ է հարուցվում ու 11 ամիս անց նոր միայն կայացվում է տուգանքի որոշում 7 թռչնաբուծական ֆաբրիկաների նկատմամբ, այդպես էլ չպատասխանելով այն հարցին, թե ո՞վ էր այս ողջ գործընթացի նախաձեռնողն ու պատասխանատուն, ո՞վ էր սկսել դեմպինգ իրականացնել։
2. Ընկերությունը շատ լավ հասկանալով, որ գերարտադրության ու լճացման հետևանքով արտադրության ծավալների կրճատումը հանգեցնելու է դեֆիցիտի ու Զատիկին ձվի շուկայում խնդիրներ են առաջանալու՝ դիմել է պետական համապատասխան մարմիններին՝ ձվի ներկրման թույլտվություն ստանալու համար։ Սակայն որոշ թռչնաֆաբրիկաներ դրան դեմ են եղել, ասելով որ խնդիր չկա, եղած ձուն կբավականացնի։ Անհրաժեշտ ենք համարում պարզել, թե ո՞վքեր են դեմ եղել ձվի ներկրմանը, ո՞վքեր են ստորագրել պետական մարմններին ուղղված նամակում, որում նշվել է, որ ձու ներկրելու կարիք չկա, եղած պաշարները բավարար են։ Հարց է առաջանում՝ արդյո՞ք այս գործընթացը նախաձեռնած ընկերությունները չէ, որ կանգնած են դեմպինգի հետևում։
Այլևս չենք պատրաստվում լռել, ուստի՝
ձեռնարկելու ենք բոլոր անհրաժեշտ քայլերը՝ մեր տնտեսական շահերը և գործարար համբավը օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտպանելու նպատակով, ինչպես նաև հետամուտ ենք լինելու վերոնշյալ հարցադրումների պատասխանները ստանալու հարցում»։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ինչու Զատկի տոնին շուկայում ձու չկար. Քաղաքացիները մի քանի հատիկ ձու գնելու համար հերթ էին կանգնում և ձեռքից ձեռք ձու էին խլում
- Ձվի հերթ
- Չեմ կարող ասել՝ երբ կիջնի ձվի գինը. ՏՄՊՊՀ նախագահ
- «Ժողովուրդ». Ձվի շուկան վերահսկողությունից դուրս է եկել
- 150 էջ վերլուծություն ենք արել, թե ինչո՞ւ է մեկ օրում հավի ձվի գինը համատարած իջնում-բարձրանում. Գեղամ Գևորգյան
- Ձվի շուկայում ստեղծված իրավիճակը քննարկվել է նաև խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ
- «Ժողովուրդ». Ձվի արհեստական դեֆիցիտ առաջացնում են միջնորդ կազմակերպություննե՞րը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին