ԲՈՒՀ ընդունվելու համար «Հայոց լեզու և գրականություն» առարկայից քննություն հանձնողների թիվը կնվազի
Այս տարի «Հայոց լեզու և գրականություն» առարկայից քննություն հանձնողների թիվը քիչ կլինի, քանի որ կան մասնագիտություններ, որտեղ եթե նախկինում երեք քննություն էր պարտադիր հանձնել, հիմա որոշվել է սահմանափակել և դարձնել երկու: Այս մասին ասուլիսում ասաց Գնահատման և թեստվորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը:
«Ամեն տարի բուհ ընդունվելու համար ամենաշատը «Հայոց լեզու և գրականություն» առարկայից քննություն հանձնողներն էին: Այս տարի կնվազի, ինչպես անցած տարի էր, ավելի շատ «Մաթեմատիկա» առարկայից էին հանձնողները:
Նախկինում տնտեսագիտական, իրավաբանական բլոկում հանձնում էին միասնական երեք քննություն՝ առաջինի դեպքում «Մաթեմատիկա», «Հայոց լեզու և գրականություն», Օտար լեզու, երկրորդի՝ «Պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», Օտար լեզու: Հիմա այդ բլոկների համար երկու քննություն է՝ «Մաթեմատիկա» և «Պատմություն», իսկ «Հայոց լեզու և գրականություն» և Օտար լեզու առարկներն արդեն ընտրովի, դիմորդը որը նախընտրի»,- ասաց ԳԹԿ փոխտնօրենը:
Նա նշեց, որ տարիներ շարունակ «Հայոց լեզու» առարկայից դիմորդների գնահատականներն ավելի ցածր էին, քան Օտար լեզվի դեպքում, բնականաբար, Օտար լեզու ընտրողների թիվն այս տարի ավելի շատ կլինի: