Կոսովոն հայտնվեց կնոջ ձեռքերում
Կոսովոյում նոր նախագահ է ընտրվել։ Այդ պաշտոնը զբաղեցրել է խորհրդարանի նախկին խոսնակ Վյոսա Օսմանին։ Այս մասին գրում է «Կոմմերսանտ»-ը։
Նոր նախագահին խորհրդարանն ընտրել է կիրակի ուշ երեկոյան, երրորդ փորձից հետո: Առաջին և երկրորդ քվեարկություններում իշխող «Ինքնորոշում» կուսակցության թեկնածու Վյոսա Օսմանին չի կարողացել հավաքել անհրաժեշտ 80 ձայն: Երրորդ փուլում, որտեղ պարզ մեծամասնությունը բավարար էր, 82 պատգամավորներից 71-ը քվեարկել է 38-ամյա Վյոսա Օսմանիի օգտին, և նա դարձել է Կոսովոյի նոր նախագահ:
Խորհրդարանում ընտրությունից անմիջապես հետո ունեցած ելույթի ընթացքում տիկին Օսմանին հստակորեն նշել է իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները։
Որպես «Կոսովոյի ամենակարևոր դաշնակիցներ»՝ Օսմանին նշել է ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան և Ալբանիան։
Վյոսա Օսմանին, որի 39-ամյակը կլրանա մայիսին, իրավաբանական կրթություն է ստացել Կոսովոյի և ԱՄՆ-ի համալսարաններում։
Նա բավական հարուստ քաղաքական կարիերա ունի՝ Կոսովոյի նախագահի աշխատակազմի ղեկավարից մինչև խորհրդարանի խոսնակ։ Երբ 2020 թ․Կոսովոյի այն ժամանակվա նախագահ Հաշիմ Տաչին հրաժարական տվեց, որպեսզի Կոսովոյում կատարված հանցագործությունների համար կանգնի Հաագայի դատարանի առաջ, Օսմանին ստանձնեց հանրապետության ղեկավարի պաշտոնը, որը այս տարվա մարտին փոխանցեց խորհրդարանի նոր խոսնակին։
Լրահոս
Տեսանյութեր
Բացառիկ ցուցադրություն և դասական երաժշտության համերգ՝ նվիրված Գոհար Գասպարյանի 100-ամյակին