Թուրքիան սպառնալիք է Հայաստանի համար. Ռոբերտ Քոչարյան
Հայաստանի համար սպառնալիքը Թուրքիան է: Ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական Առաջին հեռուստաընկերությամբ հեռարձակվող Վլադիմիր Պոզների հեղինակային հաղորդմանը՝ պատասխանելով Հայաստանի առաջ ծառացած խնդիրների մասին հարցին:
«Սպառնալիքը մեզ համար գոյաբանական է, պատմական է: Թուրքիան ընդունում է հայերին որպես սպառնալիք, և մենք էլ ընդունում ենք թուրքերին որպես սպառնալիք:
Դրանով է բացատրվում փակ սահմանը, դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը: Սպառնալիքն այն է, որ Թուրքիան սահմանի բացման պարագայում կփորձի Հայաստանում անել այն, ինչ Աջարիայում՝ իր բիզնեսի, իր տնտեսության տեսանկյունից: Ես այստեղ որոշակի վտանգ եմ տեսնում»,- ասել է Ռ.Քոչարյանը:
ՀՀ երկրորդ նախագահ խոսքով, Հայաստանի պատմական կողմնորոշումը դեպի Ռուսաստան վրդովեցնում է ոչ միայն Թուրքիային, նաև ամերիկացիներին, շատերին:
«Հայաստանում բավականին ակտիվ աշխատում են ուժեր, որոնք փորձում են խաթարել այդ հարաբերությունները, մեղադրել Ռուսաստանին այն բանում, որ մենք պարտվել ենք պատերազմում և այլն: Այսպես կոչված, հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց գլոբալ են համարում և իբրև գլոբալ արժեքներ են քարոզում, նրանք Հայաստանում շատ ակտիվ են աշխատում: Եվ մենք տեսնում ենք, թե ինչպես է խարխլվում մեր ինքնության հիմքը: Մեզ ուզում են համոզել, որ պետք է փոխել վեկտորը, կողմնորոշումը, ազատվել նախկին կարծրատիպերից:
Դա տեղի է ունենում ամենօրյա ռեժիմով:
Հայաստանը փոքրիկ երկիր է, համաձայն եմ, հարուստ չէ, բայց իր աշխարհագրությամբ, ըստ էության, որոշակի հետաքրքրություն է առաջացնում»,- ասել է Քոչարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Չափից դուրս անարդար խաղաղությունը չի կարող տևական ու մշտական լինել
- Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում հարցազրույց է տվել Վլադիմիր Պոզներին