Ինչ հոգեբանական խնդիրներ է առաջացրել հեռավար կրթությունը ուսուցիչների մոտ
ԱԺ «Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի» մշտական հանձնաժողովը ՀՀ-ում «COVID-19-ի հետևանքով իրականացվող հեռավար կրթության հոգեբանական ազդեցությունը կրտսեր դպրոցականների, նրանց ծնողների և ուսուցիչների վրա» թեմայով քննարկում է կազմակերպել։
Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանի խոսքով, իրենք առջաջին փուլով հարցումներ են ացկացրել ուսուցիչների հետ, որոնք մեծամասնությունը՝ 63 տոկոս, եղել են դասվարներ, իսկ մյուս՝ 37 տոկոսը՝ տարբեր առարկաներ դասավանդողներ։
«Հ արցված ուսուցիչների 29 տոկոսն ասել է, որ հեռավար կրթության անցնելուց հետո իրենց առողջական վիճակը փոխվել է դեպի վատը, 47 տոկոսը նշել է, որ իրենց հոգեբանական բարեկեցությունն է տուժել, 38 տոկոսը նաև անդրադարձել է ֆինանսական բարեկեցության վրա եղած բացասական ազդեցությանը, իսկ ահա ուսուցիչների 51 տոկոսն էլ ասել է, որ իրենց սոցիալական կայնքի որակը վատացել է»,- ներկայացրեց նա։
Նա նկատեց, որ ուսուցիչների մեծ մասը ավելի շատ ժամանակ է անցկացրել դասերի վրա։ Նրանց 66 տոկոսը նշել է, որ ավելի շատ ժամանակ է ծախսել, օրինակ՝ աշակերտների հետ հաղորդակցվելու վրա։
«Ուսուցիչների 28 տոկոսը նշել է, որ երեխաներն ավելի պասիվ են դարձել, իսկ 16 տոկոսը նշել է, որ հեռավար կրթության ընթացքում բացակայությունների թիվն էապես աճել է»,- ասաց Մանկական զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Արմինե Բուրմանյանը։
Նա հավելեց, որ ուսուցիչների համար առկա խնդիրներից առաջինը թույլ ինտերնետ կապն է եղել, հարցվածների 15 տոկոսի մոտ ընդհանրապես ինտերնետ կապի բացակայություն է եղել։
«32 տոկոսը նշել է, որ անորակ թվային սարքեր են ունեցել, այսինքն՝ իրենց ունեցած հեռախոսը հնարավորություն չի տվել դասը նորմալ անցկացնել։ Ուսուցիչների 23 տոկոսն էլ նշել է, որ չի ունեցել թվային սարքեր»,- ասաց նա։
Արմինե Բուրմանյանը տեղեկացրեց նաև, որ հեռավար դասապրոցեսի ընթացքում ուսուցիչնեը եղել են լարված ու սթրեսային վիճակում. տեխնիկային ու հավելվածներին չտիրապետելը նրանց մոտ առաջացրել է տագնապային վիճակ։
«Դասերն առցանց վարելու հմտությունների պակասը ևս մեծ ազդեցություն է ունեցել, քանի որ ուսուցիչները չեն հասկացել՝ ուսուցիչներն ամբողջությամբ ինտեգրվա՞ծ են դասապրոցեսին, կամ ընկալո՞ւմ են ստացած նյութը»,- նշեց նա։
Հարցված ուսուցիչների 1/3-ը հայտնել է, որ մեթոդաբանության պակաս է եղել, թե ինչպես պետք է դասերն առցանց անցկացվեն, և ինչպես պետք է դասերը հարմարեցնեն առցանց եղանակին։ Աշակերտներին գնահատելը ևս խնդիր է առաջացրել։
«Հարցված ուսուցիչների 27 տոկոսը նշել է, որ մասնակցել է հեռավար դասերն անցկացնելու վերաբերյալ առցանց սեմինարների։ Ինչ վերաբերում է հոգեբանական աջակցությանը, ապա ուսուցիչների 50 տոկոսն ասել է, թե չի ունեցել հոգեբանական աջակցության կարիք, իսկ 32 տոկոսը նշել է, որ որևէ աջակցություն չի ստացել։ Հարցվածների 16 տոկոսը նշել է, թե ստացել է հոգեբանական աջակցություն, օրինակ՝ ուսուցիչների հետ զրույց, հոգեբանի հետ խորհրդակցություն»,- ասաց Արմինե Բուրմանյանը։