Ադրբեջանն ամեն ջանք ներդրել է ՀՀ-ում և Արցախում ականազերծման ծրագրերի իրականացումը խափանելու նպատակով․ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե Ադրբեջանի իշխանությունները վերջերս հանդես են գալիս հայտարարություններով՝ մեղադրելով հայկական կողմին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ականապատ տարածքների քարտեզները չտրամադրելու մեջ և թե ինչպես նա կմկնաբանի այս հայտարարությունը։ Նաղդալյանը պատասխանել է․
«Ինչպես գիտեք, ադրբեջանական իշխանությունները կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական իրավունքով և 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներով ստանձնած իրենց հանձնառությունները՝ հայրենադարձնելու դեռևս պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։
Ըստ էության, ի պատասխան այս հարցում նաև միջազգային հանրության ճնշումներին, ադրբեջանական կողմը փորձում է իր համար արդարացման հիմքեր ապահովել՝ առաջ քաշելով ականապատ տարածքների քարտեզների կեղծ օրակարգ: Դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ ադրբեջանական պաշտոնյաների կողմից այդ հարցի բարձրացումը կրում է զուտ հրապարակային բնույթ:
Հակամարտության ողջ ընթացքում ադրբեջանական կողմը ոչ միայն հանդես չի եկել ականազերծման հարցերով համագործակցելու առաջարկով, այլև ավելին` ամեն ջանք ներդրել է Հայաստանում և Արցախում ականազերծման ծրագրերի իրականացումը խափանելու նպատակով։ Բավական է հիշել, որ Ադրբեջանը 2016թ․ արգելափակել է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի մանդատի երկարաձգումը վերջինիս՝ ականազերծման ծրագրերին աջակցելու պատրվակով, ինչն էլ հանգեցրել է Հայաստանում ԵԱՀԿ դաշտային առաքելության փակմանը։
Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին զերծ մնալ միջազգային հանրությանն ապակողմոնորոշելու նման պրակտիկայից և գործուն քայլեր ձեռնարկել՝ կատարելու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններն ու միջազգային հումանիտար իրավունքի պահանջները, որոնք ենթադրում են անհապաղ և անվերապահ կերպով բոլոր ռազմագերիների և պատանդառության մեջ գտնվող անձանց ազատ արձակումը և հայրենադարձումը»։