Ռոբերտ Քոչարյան. Չափից դուրս անարդար խաղաղությունը չի կարող տևական ու մշտական լինել
«Ես պատերազմի վտանգի մասին հայտարարել եմ բազմաթիվ անգամներ ու հրապարակային կերպով»,-ռուս հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում հայտարարել է Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք, իր համար կանխատեսելի էր պատերազմը Ղարաբաղում։
Հարցին, թե ո՞ւմ էիք զգուշացնում՝ իշխանությա՞նը, Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է, պատերազմի վտանգի մասին ինքը խոսել է լրատվամիջոցների միջոցով, զգուշացրել է և հասարակությանը, և իշխանություններին։
«Գործնականում բոլոր փորձագետներն ասում էին, այն քաղաքականությունը, որը վարվում է Հայաստանում, պատերազմն անխուսափելի է դարձնում։ Տարբեր փորձագիտական շրջանականեր ասում էին, մենք պատրաստ չենք, լինելու է խնդրահարույց, ծանր պատերազմ»,-նշել է նա։
Քոչարյանի խոսքով, վերջին տարիներին ԼՂ խնդրի ուծում ենթադրող բանակցությունները հայկական կողմի նախաձեռնությամբ փակուղի էին մտնել, իսկ երբ վերջանում են բանակցությունները, սկսում է պատերազմ։
Նախկին նախագահը նշել է, որ հայկական կողմը բանակցություների ընթացքում անընդհատ առաջ է քաշել անհասկանալի պահանջներ, ինչպես օրինակ բանակցություններին պետք է մասնակցեն Արցախի ներկայացուցիչները, ապա հնչեցրել է «Արցախը Հայաստանն է և վերջ» հայտարարությունը։
Ռոբերտ Քոչարյանն ընդգծել է, որ հայկական բանակը փորձագետների գնահատմամբ համարվում էր տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, սակայն այս իշխանությունը վերջին երեք տարիներին ոչնչացրել է այդ մարտունակությունը։
«2018-ին այսպես կոչված հեղափոխության արդյունքում իշխանության եկած ուժը պաթոլոգիական վախ ու անվստահություն ունի բանակի նկատմամբ։ Պատճառները նաև անձնական են այն մարդկանց նկատմամբ, ովքեր բանակին ծառայել են, սրտացավորեն են վերաբերվել նրան։ Առաջին պատերազմի հերոսների վարկաբեկման ակտիվ գործընթաց սկսվեց, նաև դատական գործ բացվեց 2008-ի մարտյան իրադարձությունների վերաբերյալ, նաև այսպես ասած կաշառքի գործ, որտեղ ոչ մի փաստ չկա կաշառքի վերաբերյալ, դրան զուգահեռ ընթացել է մարտական կազմի ակտիվ փոփոխություն։ Պատկերացրեք, վերջին տարիներին փոխել են ԶՈւ գլխավոր շտաբի երեք պետ և Լեռնային Ղարաբաղի ՊԲ երեք հրամանատար։ Ինչպե՞ս դա կարող էր չազդել պատերազմի ելքի վրա»,-ասել է ՀՀ նախկին նախագահը՝ ընդգծելով, որ նման պաշտոններում մարդիկ պետք է պաշտոնավարեն առնվազն 5 տարի։
Հարցին, թե համարո՞ւմ է, որ տարածքները կորցված են անվերադարձ, Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է, ամեն ինչ կորսված չէ, կա հնարավորություն բանակցություններում քննարկելու ԼՂԻՄ կազմի մեջ մտնող տարածքների կարգավիճակը։
«Կարծում եմ, որ դա բարդ գործընթաց է, բայց որոշ հնարավարություններ ու հեռանկարներ կան»,-ասել է նա։
Պոզների հարցին, Հայաստանի ղեկավար ընտրվելու դեպքում ռևանշի մտադրություն չի՞ ունենա, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է, որ Հայաստանի բանակն այս պահին այնպիսի վիճակում է, որ որևէ սթափ մարդու գլխում ռևանշի միտք չի առաջանա։
«Չափից դուրս անարդար խաղաղությունը չի կարող տևական ու մշտական լինել։ Եթե ցանկանում ենք հակամարտությանը վերջակետ դնել, պետք է գտնենք լուծում, որն ընդունելի կլինի արդարության տեսանկյունից։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան