Սեյրան Օհանյան. Պարտավոր ենք վերականգնել հայկական հզոր բանակի համբավը
«Ես այսօր պարտությունից չեմ խոսի։ Մենք ունեցել ենք հզոր բանակ, ու այսօր պարտավոր ենք վերականգնել հայկական հզոր բանակի համբավը»,- ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ ելույթ ունենալով Սևանում ընթացող հանրահավաքում։
Նա հավաքվածներին կոչ արեց ծափահարել ու ողջունել բանակում ծառայություն անցնող յուրաքանչյուր զինվորի, հրամանատարի, սպայի։
«Երբ բանակն ու ժողովուրդը միասին են, նրանք անպարտելի են»,- հայտարարեց Օհանյանն՝ ավելացնելով, որ վերջին պատերազմում պարտության պատճառներից մեկն էլ այն է, որ չկարողացանք բանակի համար ամուր թիկունք ապահովել։
Պաշտպանության նախկին նախարարի խոսքով, դժվար պահերին միշտ բանակն ու ժողովուրդը միասնական են եղել, իսկ այս իշխանությունների օրոք այդ միասնականության գաղափարը ոչնչացվեց, ջախջախվեց։
«Այս իշխանությունների ոչ գրագետ գործողությունների հետևանքով մենք չկարողացանք մոբիլիզացնել ողջ հայ ժողովրդին, մեր բոլոր ուժերը Հայաստանում, Արցախում, մարզերում, որպեսզի թիկունք կանգնենք մեր բանակին ու կարողանանք հաղթական ելք ապահովել»,- ասաց նա։
Հանրահավաքը՝ News.am-ի հեռարձակմամբ։