ԱՄՆ-ն անհանգստացած է Ուկրաինայի նկատմամբ Մոսկվայի ճնշմամբ
ԱՄՆ-ը Ռուսաստանից պարզաբանում է խնդրել Ուկրաինայի սահմանին ռուսական կողմի սադրանքների կապակցությամբ, երկուշաբթի օրն ասել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը: Խոսքը ռուսական զորքերի կուտակումների մասին է, որոնց վերաբերյալ մշտապես տեղեկություններ են շրջանառվում վերջին շրջանում: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Արտաքին գերատեսչության խոսնակը լրագրողների հետ հերթական ճեպազրույցի ժամանակ շեշտել է, որ ԱՄՆ-ը կանգնած է իր գործընկերոջ՝ Ուկրաինայի կողքին Ռուսաստանի սադրիչ գործողությունների պայմաններում:
ԱՄՆ-ը մտահոգված է Մոսկվայի կողմից Ուկրաինային վախեցնելու ցանկացած փորձի կապակցությամբ, որտեղ էլ որ այդ փորձերն իրականացվեն` Ռուսաստանի, թե Ուկրաինայի տարածքում:
«Մենք խնդրեցինք Ռուսաստանին բացատրություններ տալ այս սադրանքների վերաբերյալ: Ավելի կարևոր է, սակայն, այն ազդանշանը, որ ուղարկել ենք ուկրաինացի գործընկերներին՝ մեր աջակցության մեջ նրանց հավաստիացնելու համար», - նշել է խոսնակը:
Նույն օրը Սպիտակ տանը կայացած մամուլի ճեպազրույցի ժամանակ Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսաքին նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է անհանգստություն հայտնել Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Կրեմլը խոստացավ լրացուցիչ միջոցներ ձեռնարկել հարևան երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի ուժեղացման դեպքում
- Պեսկով. Պուտինը թույլ չի տա Միացյալ Նահանգներին ուժի դիրքերից խոսել Ռուսաստանի հետ