Յունիսեֆ. Համավարակի ազդեցությունը կրթության վրա չափելու համար նոր՝ գլոբալ չափորոշիչ համակարգ է ստեղծվել
Վերջին մեկ տարվա ընթացքում ՔՈՎԻԴ-19 համավարակը խաթարել է 1.6 միլիարդ երեխաների կրթությունը: Կրթական համակարգի վրա նման գլոբալ ազդեցության հետևանքը չափելու համար Ջոն Հոփքինսի համալսարանի, Համաշխարհային բանկի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակությամբ ստեղծվել է COVID-19 - Global Education Recovery Tracker-ը (ՔՈՎԻԴ-19. աշխարհում կրթության վերականգնման չափորոշիչ-համակարգ):
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի փոխանցմամբ, չափորոշիչ-համակարգը, որը գործարկվել է նախորդ շաբաթվա վերջին, պետություններին հնարավորություն կտա որոշումներ կայացնելիս հաշվի առնել ավելի քան 200 պետություններում իրականացված վերաբացման և վերականգնման ծրագրի աշխատանքները:
Համակարգը գրանցում և հասանելի է դարձնում տեղեկատվությունը չորս հիմնական ոլորտներում.
. Դպրոցական կրթության կարգավիճակը
.Ուսուցման եղանակներ (հեռավար, առկա կամ հիբրիդային)
. Կրթության վերականգնման համար աջակցության առկայությունը
.Ուսուցիչների համար բավարար պատվաստանյութերի առկայություն։
Չափման համակարգը հիմնվելու է Ջոն Հոփքինսի համալսարանի՝ ՔՈՎԻԴ-19 դեպքերի, թեսթավորման, պատվաստումների, որակյալ տվյալներ հավաքագրելու վերաբերյալ արված աշխատանքի, ինչպես նաև Համաշխարհային բանկի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ համավարակի ընթացքում պետություններին գործնական և ծրագրային աջակցության հարցում ունեցած դերի և դրա նշանակության վրա:
2021 թ.-ի մարտի սկզբի տվյալներով, 51 երկիր ամբողջությամբ վերադարձել է առկա կրթությանը: Ավելի քան 90 երկրում ուսուցումն իրականացվում է այլընտրանքային տարբերակներով: Հեռավար ուսուցումը շարունակում է գերակշռել Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, որտեղ դպրոցները փակվել են, հիմնականում, վերջին շաբաթների ընթացքում:
Այն երկրներում, որտեղ ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութը հասանելի է, համակարգը դիտարկում է ուսուցիչների՝ առաջնահերթություն լինելու ցուցանիշը: Մարտի սկզբի դրությամբ, ցածր և միջինից ցածր եկամուտ ունեցող երկրներում ուսուցիչները հիմնականում չեն պատվաստվում որպես առաջնահերթ խումբ: Ըստ պատվաստումների վերաբերյալ տեղեկատվության, 130 երկրների ավելի քան երկու երրորդը ներկայումս չի պատվաստում ուսուցիչներին՝ որպես առաջնահերթ խմբի:
Իրավիճակը Հայաստանում՝ ըստ Յունիսեֆի
ՔՈՎԻԴ-19 համավարակի բռնկման օրերին Հայաստանում դպրոցները փակվեցին 12 շաբաթ՝ 2020 թվականի մարտ-մայիս ամիսներին: Կրթական համակարգը կարողացավ հավաքագրել ներքին և արտաքին ռեսուրսները՝ անցնելով առցանց ուսուցման: ՀՀ կառավարությունը կիրառեց թվային և ոչ թվային հարթակներ` ՔՈՎԻԴ-19 համավարակի ընթացքում երեխաների կրթության շարունակականությունն ապահովելու համար: Դրանց թվին էին պատկանում սոցիալական հարթակները, առցանց հարթակ և հեռուստատեսային կրթական ծրագրերը, այդ թվում՝ Հանրային հեռուստաալիքը, YouTube-յան և երկու կաբելային հեռուստաալիքներ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործարկեց heravar.armedu.am և e-school.am հեռավար ուսուցման հարթակները:
Հայաստանում նոր ուսումնական տարին մեկնարկեց 2020 թ. սեպտեմբերի 14-ին՝ համաձայն ՀՀ ԿԳՍՄ և ԱՆ միջգերատեսչական համագործակցության արդյունքում մշակված ընթացակարգերի պահանջների և ուղեցույցերի: ՔՈՎԻԴ-19. աշխարհում կրթության վերականգնման չափորոշիչ համակարգի կայքէջում, այս հղմամբ կարելի է տեղեկատվություն գտնել այն մասին, թե ինչպես է կրթությունը մատուցվում յուրաքանչյուր երկրում, այդ թվում՝ Հայաստանում:
Տվյալների համաձայն, մեր երկիրը կիրառում է հիբրիդային մոդելը (դպրոցները գործում են՝ համատեղելով հեռավար և առկա ուսուցումը և [կամ աշակերտները բացառապես հեռավար են կրթվում]) և առկա (դպրոցները բաց են, և աշակերտները վերադարձել են առկա կրթության): Ընդհանուր առմամբ, Հայաստանում բոլոր դպրոցները բաց են:
Ըստ ՀՀ ԿԳՍՄ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի, ներկայումս իրականացվում է իրավիճակային մոտեցում. այն է, եթե դպրոցի անձնակազմի և աշակերտների շրջանում կորոնավիրուսի դեպքերը գերազանցում են 10 տոկոսը, ապա դպրոցն անցնում է հեռավար ուսուցման: Եթե սովորողը ռիսկային խմբի հիվանդություններից մեկն ունի կամ ընտանիքի անդամը գտնվում է կորոնավիրուսի ռիսկի խմբում, ապա տվյալ սովորողի համար կազմակերպվում է հեռավար ուսուցում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան