Դատարանը հրապարակում է Քր. Օր.-ի 300.1 հոդվածով քրգործը կարճելու վերաբերյալ միջնորդության մասին որոշումը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Աննա Դանիբեկյանը քիչ անց կհրապարակի որոշումը քրեական հետապնդումը 300․1 հոդվածով դադարեցնելու վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդության վերաբերյալ որոշումը։
Ուղիղ հեռարձակումը՝ Yerevan.Today-ի։
Հիշեցնենք, որ մարտի 26-ին Սահմանադրական դատարանը Սահմանդրությանը հակասող ու անվավեր ճանաչեց Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։
ՍԴ որոշումից հետո ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն այդ գործով երկու անգամ նիստ է հրավիրել։ Դատարանը ապրիլի 2-ի նիստում քննարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ մասով գործի վարույթը կարճելու վերաբերյալ։
Պաշտպանները նաև միջնորդել են փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, պահանջել, որ նրանից գրավոր ներողություն խնդրեն։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը անցած տարի հունիսին վերաքննիչ դատարանի որոշմամբ 2 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց կալանքից։
Ապրիլի 2-ի նիստում մեղադրող կողմը առարկեց պաշտպանների միջնորդությանը։ Դատարանն այդ օրը հեռացավ խորհրդակցական սենյակ։
Հիշեցնենք, որ ՍԴ որոշման համաձայն 300.1 հոդվածը հակասում է Սահմանդրության 78 և 79 հոդվածներին։
Սահմանադրության 78-րդ հոդվածը սահմանում է համաչափության սկզբունքը, իսկ 79-րդ հոդվածը՝ որոշակիության սկզբունքը:
ՍԴ տվյալ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանելու հարցով դիմել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը։ Ի դեպ, վերջինի նկատմամբ ՍԴ դիմելուց հետո հետապնդումներ սկսվեցին։