«Տարակուսանք է առաջացնում կառավարության՝ աշխատատեղերի և աշխատավարձերի բարձրացման մասին վիճակագրությունը»
«Եթե հանրությանն էլ հարցնենք, ապա տարակուսանք կառաջացնի այն վիճակագրությունն, ըստ որի՝ 2020 թվականին հասարակության զբաղվածությունն ավելացել է, եկամուտներն էլ՝ աճել»,- հայտնեց ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը՝ ընթերցելով կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի նախագծում բերված տվյալները:
Խաչատրյանը մեջբերեց հանձնաժողովում քննարկվող զեկույցի այն հատվածը, որում ասվում էր, որ 2020 թվականի ընթացքում ոչ պետական հատվածում ֆորմալ զբաղվածների թիվը հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում ավելացել է 6.2 տոկոսով, միջին աշխատավարձն էլ աճել է 3 տոկոսով:
Նա նկատեց, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ լոգդաուն կիրառվեց, արձանագրվել է եկամուտների անկում, որն ակնհայտ ու տեսանելի է և դրանք տարբեր միջազգային կազմակերպությունների ուսումնասիրություններով էլ են հաստատվել:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամը հարց ուղղեց զեկույցը ներկայացնող ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, թե արդյո՞ք կառավարությունը գնահատել է լոգդաունի տնտեսական գինը:
Հանձնաժողովի նախագահը նաև նկատեց, որ ճիշտ կլիներ, որպեսզի կառավարությունը Աժ ներկայացներ նման վիճակագրության ուսումնասիրությունների արդյունքները և հստակեցներ ներկայացված թվերը:
«Մենք ինչպես և դուք օգտագործողն ենք այդ վիճակագրությունների, այլընտրանքային վիճակագրական ծառայութուն չունենք, մենք օգտագործում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տեղեկատվութունը»,- պատասխանեց Ատոմ Ջանջուղազյանը:
Ըստ նախարարի՝ պատգամավորների և գործադիրի խնդիրն է քաղաքացուն փոխանցել, որ դրանք միջինացված ցուցանիշներ են, ինչն ամենևին չի նշանակում, որ յուրաքանչյուր քաղաքացու աշխատավարձն է միջին հաշվով բարձրացել 3 տոկոսով և չի նշանակում, որ յուրաքանչյուր քաղաքացի դարձել է զբաղված:
Ըստ Ջանջուղազյանի՝ հակաճգնաժամային միջոցառումները կազմակերպել են այնպես, որ լրացուցիչ խթան ստեղծեն ոչ ֆորմալ հատվածից ֆորմալ հատված աշխատողների տեղափոխման համար, ինչպես բիզնեսի, այնպես էլ վարձու աշխատողների համար:
Նա պատգամավորին հորդորեց միջին աշխատավարձի աճի կասկածի պատասխանը ստանալ Վիճակագրական կոմիտեից՝ պարզելով, թե ինչո՞վ է պայամանավորված այդպիսի ցուցանիշի արձանագրումը:
«Կարիք չկար բացատրել, թե որն է միջին աշխատավարձն, այստեղ խոսքը նրա մասին է, որ կառավարությունը երևի ուսումնասիրել է իրավիճակը, որպեսզի քաղաքացուն բացատրություն տա, որ, օրինակ, ոչ ֆորմալ աշխատող հավածից օրավարձով աշխատողներն օրինականացրել են իրենց կարգավիճակը, ինչն էլ պատճառ է դարձել զբաղվածության թվի աճին»,- արձագանքեց Արկադի Խաչատրյանը:
Նա շեշտեց, որ մասնավոր հատվածում 6 տոկոս զբաղվածության աճի ներկայացումը շատ մեծ է, քանի որ շատ գործարարներ ունեցել են թե աշխատատեղերի, թե աշխատավարձերի նվազում:
Հարակից հրապարակումներ`
- Համաճարակի դեմ Հայաստանը մոտ 360 մլն դոլարի ծախսեր է արել, իսկ Վրաստանը՝ 1 մլրդ դոլարից ավել. Սերգեյ Բագրատյան
- ԿԲ-ն ստեղծում է բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են