Հրանտ Բագրատյանը քաղաքացիներին կոչ արեց չհավատալ աշխատավարձեր բարձրացնելու մասին Փաշինյանի հայտարարություններին
«Մենք չենք ասում, որ Փաշինյանն անհաջող պատերազմ է վարել, այլ ասում ենք՝ ինքը դավաճան է, որովհետև մենք շանս ունեինք այդ պատերազմում չպարտվել»,- Սևանում կազմակերպված Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Ըստ Բագրատյանի՝ Փաշինյանին ամենաառաջին օրն ասվել է, որ պայթեցնի Սարսանգը, ջրհեղեղի միջոցով վերացնի Մարտակերտի ռազմաճակատը և հայկական զորքերը տեղափոխի հարավային ճակատ, քանի որ այնտեղից է գալիս հարձակումը։
«Մենք իրեն ասում էինք «Իսկանդեր»-ով խփի նավթամուղը, գազամուղը պայթեցրու, ինքը չգիտես ինչու հարվածում էր Գյանջա քաղաքի 5 հարկանի շենքերին»,- հիմնավորելով Նիկոլ Փաշինյանի դավաճանությունը՝ նշեց Բադրատյանը և հավելեց, որ հոկտեմբերի 19-ին էլ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ Հադրութի կեսը և Շուշին մնա հայկական կողմին և կանգնեցնի պատերազմը, սակայն նա չի համաձայնել՝ մտածելով, որ ավելի լավ է Ալիևին հանձնի, հետո ժողովրդին ասի պարտվել է, քան գնա զիջման, քանի որ այդ դեպքում իրեն կասեն դավաճան:
Հրանտ Բագրատյանի տեղեկացմամբ՝ նախորդ օրը հրապարակվել է Փաշինյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի 2020 թ-ի եկամուտներների հայտարարագրերը, ըստ որոնց՝ յուրաքանչյուրին 60 հազար դոլար աշխատավարձ է տրվել, այն դեպքում, երբ պատերազմում երկիրը պարտվել է:
Ըստ Բագրատյանի՝ Փաշինյանը, խարդախության է դիմում, չի ավելացնում աշխատավարձերը, բայց տալիս է պարգևավճարներ, որը նույն բանն է և այդ ձևով 2020 թվականին 120 մլն դոլար են ծախսել, որով հնարավոր էր գնել 200 հատ փոքր ԱԹՍ կամ 10-ական Պանցիռ Ս-1, կամ Տոռ հակաօդային համակարգեր:
Նկատելով որ անցած տարի բյուջեի եկամուտները պակասել են 19 տոկոսով՝ մոտքագրվել է 1 տրիլիոն 385 մլրդ դրամ՝ նախատեսված 1 տրիլիոն 602 մլրդի փոխարեն՝ Բագրատյանը շեշտեց, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում բյուջեի եկամուտներն արդեն պակասել են 12 տոկոսով և Փաշինյանը ստում է, թե բյուջեն 20 մլրդ-ով ավելացել է:
Ըստ Բագրատյանի՝ եթե հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը պակասել է՝ ուրեմն կոռուպցիայի մակարդակն է բարձրացել:
«Իբր թե ուսուցչին 10 տոկոս աշխատավարձ է բարձրացնում, բայց դրա դիմաց ստուգողականի և դասղեկության համար գումարներն է հանում: Հարցրեք ուսուցիչներին և կպարզեք, որ արդյունքում նրանց աշխատավարձները չեն բարձրացրել»,- հայտարարեց նախկին վարչապետը և շեշտեց, որ այդ թվերը ներկայացնում է նրա համար, որ վաղը, երբ ընտրարշավի ժամանակ Փաշինյանը խոստանա, որ աշխատավարձերը կբարձրացնի՝ չհավատան նրան, քանի որ բյուջեում միջոցներ չկան:
«Եթե ձեզ նման խոստումներ կտա՝ ձեռքերիդ տակ ինչ կա կշպրտեք նրա ուղղությամբ»,- հայտնեց Բագրատյանը
Հարակից հրապարակումներ`
- Սեյրան Օհանյան. Պարտավոր ենք վերականգնել հայկական հզոր բանակի համբավը
- 2018 թվականից հետո բերեցին նույն կոռուպցիան ու կաշառակերությունը՝ պետականորեն. Իգոր Սարգսյան
- Վազգեն Մանուկյան. Լեգենդար հրամանատարի մահն է՛լ ավելի դառն է, երբ գերեվարված է նրա ազատագրած Շուշին