ԿԲ-ն ստեղծում է բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր
«Փոփոխությունը բխում է փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի ընդհանուր ստանդարտներից ու կանոններից ր կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունից, քանի որ կոռուպցիան նույնպես դրանց նախորդող հանցակազմ է իրենից ներկայացնում»,- Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հայտնեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը՝ ներկայացնելով «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:
Նախագծով առաջարկվում է ստեղծել բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր:
ԿԲ նախագահի տեղակալը հավաստիացրեց, որ խոսքը չի գնում հաշիվների շարժերի և դրանց մնացորդենրի մասին, այլ բազան ներառում է միայն ֆիզիկական և իրավաբանական անձանց առկա հաշիվները:
Նրա խոսքով՝ ստեղծվող կենտրոնական ռեստրը հետագայում թույլ կտա զարգացնելու տարբեր նորարարական գաղափարներ՝ քաղաքացիների հաշիվների ավտոմատացման, թվային արժեքի ներդրման և միջազգային փոխանցման նոր համակարգերի ներդրման համար:
«Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման տեսանկյունից արդյունավետությունն կայանում է նրանում, որ տարբեր տեսակի վերլուծությունների և իրավապահ մարմինների հետ հաղորդակցման ժամանակ կասկածի կամ գործողության առարկա չդառնան բոլոր հաշիվները և բոլոր բանկերը, այլ այդ ռեստրի միջոցով սելեկտիվ ձևով այն հաշիվները հավաքագրվեն, որոնք խնդրո առարկա են»,- հայտնեց Երիցյանը:
Հանձնաժողովի անդամները նկատեցին, որ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքով հստակ նշված է, թե ինչ մեխանիզմներով է նման տեղեկատվությունը տրամադրվելու իրավապահ մարմիններին և արդյոք նոր ռեստրի ստեղծումը գործառույթի կրկնություն չէ:
Ներսես Երիցյանը հայտնեց, որ դրանք տարբեր գործառույթներ են, քանի որ նախագիծը կարգավորում է ԿԲ տեղեկատվության ստացումը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման մասով և այն տարբերվում է «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի ներքո բանկերի կողմից ուղղակիորեն իրավապահ մարմիններին տեղեկություն տրամադրելու գործընթաից:
Նա հայտնեց, որ առաջարկվող կարգավորումով նոր գործառույթ չի ավելացվում, ուղղակի գործող կարգավորումներում ընդլայնվում է ինֆորմացիայի շրջանակը:
Օրենքի փոփոխությամբ սահմանվում է, որ Կենտրոնական բանկը օրենքով սահմանված իր նպատակների և գործառույթների իրականացման, ինչպես նաև «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ներպետական իրավասու մարմինների հետ համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով վարում է բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր, որին պարտադիր մասնակցում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր առևտրային բանկերը: