«Ժողովուրդ». ՀՔԾ-ում հարցաքննվել են պաշտպանության նախկին նախարարը, ներկայիս ԳՇ պետը, իսկ Փաշինյանին ծանուցում է ուղարկվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակներում հարցաքննվել են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, Գլխավոր շտաբի ներկայիս պետ Արտակ Դավթյանը, ինչպես նաև ծանուցում է ուղարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Չկարողացանք, սակայն, պարզել՝ Փաշինյանն արդեն հարցաքննվել է, թե ոչ, քանի որ հրավերը վերջերս է ուղարկվել, իսկ վարչապետն էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ընդառաջ գտնվում է ինքնամեկուսացման մեջ, չի շփվում որևէ մեկի հետ։ Իսկ, ահա, Արտակ Դավթյանը հարցաքննվել է այն ժամանակ, երբ դեռ նորից իրավունքի ուժով չէր զբաղեցրել ԳՇ պետի աշխատասենյակը։
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը: Բանն այն է, որ Մովսես Հակոբյանը պատերազմում հայկական կողմի պարտության պատճառների մասին խոսելիս մի շարք աղմկահարույց հայտարարություններ էր արել, պնդել, որ չի կատարվել պատշաճ զորահավաք, գնվել է սխալ զինտեխնիկա, Զինված ուժերում կրճատվել է մարտավարական, և ավելացել, այսպես ասած, «թուղթ ստորագրող» կամ օպերատիվ օղակը։ Բացի այդ, նրա պնդմամբ, անձամբ վարչապետի հրամանով բանակը համալրելու փոխարեն կամավորներին են ուղարկել առաջնագիծ։ Եվ, ահա, պաշտոնյաներին հարցաքննության հրավիրելը հենց այդ մասով բացահայտումներ անելու նպատակ է հետապնդում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: