«Փաստ». Էդմոն Մարուքյանը մերժել է կուսակցության ցուցակի բարձր հորիզոնականներում ընդգրկել մի քանի գործարարների
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես բոլոր քաղաքական ուժերի մեծ մասի պարագայում է, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ևս նախընտրական եռուզեռի մեջ է՝ հանդիպումներ են ունենում, ցուցակներ ճշտում: Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջերս հետաքրքիր իրադարձություն է տեղի ունեցել. ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը մերժել է կուսակցության ցուցակի բարձր հորիզոնականներում ընդգրկել մի քանի գործարարների ու հանրությանը ոչ անհայտ անձանց՝ հարուցելով գործընկերներից ոմանց զարմանքը:
Մարուքյանը, սակայն, հանգստացրել է գործընկերներին՝ ասելով, թե վերջին փակ հարցումները ցույց են տվել, որ ԼՀԿ-ն ապագա խորհրդարանի անցողիկ ուժերից է, և ինքը չի ցանկանում իր հավատարիմ զինակիցների ու կուսակցության «հին գվարդիայի» հաշվին կասկածելի դեմքեր տանել խորհրդարան:
«Փաստի» տեղեկություններով, որպես ընդհանուր առմամբ լոյալ և քաղաքակիրթ ուժի, ԼՀԿ ցուցակում հայտնվելու ցանկություն է հայտնել մասնավորաբար հանրությանը հայտնի երկու գործարար: Մեր աղբյուրը, սակայն, այս պահին զերծ մնաց անուններ հրապարակելուց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: