Արա Այվազյանը տեսակապի ձևաչափով հանդիպում է ունեցավ ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ
Ապրիլի 7-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը տեսակապի ձևաչափով զրույց է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի Գործադիր Քարտուղար Արմիդա Սալսիա Ալիսահբանանի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
«Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Հանձնաժողովի միջև հաստատված սերտ փոխգործակցության առնչությամբ՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը՝ ապահովելու տարբեր գերատեսչությունների մակարդակով ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման շարունակականությունը:
Միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնման ուղղությամբ Հանձնաժողովի կողմից իրականացվող ծրագրերի շուրջ քննարկումների համատեքստում նախարար Այվազյանն ընդգծեց, որ Հայաստանը, լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր, մշտապես հանդես է եկել տարածաշրջանային համագործակցության և փոխկապակցվածության ամրապնդման դիրքերից՝ հիմնված ներառականության սկզբունքի լիարժեք իրականացման վրա:
Ի թիվս մի շարք հարցերի՝ քննարկվեցին առաջիկայում կայանալիք Հանձնաժողովի 77-րդ նստաշրջանին վերաբերող հարցեր: Արտգործնախարար Արա Այվազյանն ու Գործադիր Քարտուղար Արմիդա Սալսիա Ալիսահբանանը մտքեր փոխանակեցին նաև COVID-19-ի հաղթահարման գործում միջազգային ջանքերի գործադրման և համավարակից կայուն վերականգնմանն ուղղված քայլերի շուրջ:
ԱԳ նախարար Այվազյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը և Թուրքիան, անտեսելով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ համավարակի ժամանակ գլոբալ հրադադարի կոչը, լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեցին Արցախի դեմ, որի հետևանքով արցախահայության առջև ծառացել են հումանիտար և սոցիալ-տնտեսական հրատապ խնդիրներ: Կարևորվեց միջազգային կառույցների՝ տեղում անմիջական ներգրավվածությունը և գործուն քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում