Ոչ բարեխիղճ ներմուծողները ներկրում և շահագործում են նորմերին չհամապատասխանող չափման սարքավորումներ
«Օրենսդրական կարգավորումներն ուղղված են չափագիտական կանոններին ու նորմերին չհամապատասխանող չափման սարքավորումների՝ ՀՀ տարածք ներմուծման կանխարգելմանը, ինչպես նաև չափման միջոցների շուկայահանման և շահագործման նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելուն»,- Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:
Վերջինս ներկայացրեց կառավարության հեղինակած «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նրա խոսքով՝ ներկայում կա իրավիճակ, որ ոչ բարեխիղճ ներմուծող կազմակերպությունների կողմից Հայաստան է ներկրվում և շահագործվում չափագիտական կանոններին և նորմերին չհամապատասխանող չափման սարքավորումներ:
Փոխնախարարի խոսքով՝ օրենքով սահմանված չափագիտական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի գործառույթների ամբողջական ծավալի իրականացման համար է նաև անհրաժեշտություն առաջացել փոփոխություն կատարել վերոհիշյալ օրենքում, ինչի արդյունքում կվերանայվի նաև ՀՀ կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի N 393-Ն որոշմամբ հաստատված տեղեկատվության ձևը՝ դրանում ընդգրկելով նաև չափման միջոց ներմուծող կազմակերպության վերաբերյալ տվյալները:
Վարոս Սիմոնյանը հայտնեց, որ օրենսդրական փոփոխությունները հնարավորություն կընձեռեն իրականացնել օրենքի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության լիարժեք գործառույթներ՝ ներառյալ չափման միջոցների մասով և ըստ անհրաժեշտության կիրառել պատասխանատվության միջոցներ:
Փոխնախարարը շեշտեց, որ այսօր օրենքը կա, բայց վերահսկող մարմինը չունի այն լիազորությունները, որպեսզի պարզի ստուգիչ սարքերի աշխատանքի ճշգրտությունը, սա էլ այն դեպքում, երբ խոսքը գնում է սպառողների լայն շրջանակին հետաքրքրող բնական գազի, ջրի, էլէկտրաէներգիայի չափիչ սարքերին:
Քննարկման ժամանակ պատգամավորները պարզեցին, որ իրենց մոտ օրենքի նախագծի չխմբագրած տարբերակն է, ինչի համար փոխնախարարը ներողություն հայցեց: Այդ փաստը չխանգարեց, որ հանձնաժողովի անդամները կողմ քվեարկեն քննարկված նախագծին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան