Հակակոռուպցիոն դատարանը կգործի առնվազն 15 դատավորի թվակազմով. Բադասյան
Մեկնարկել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ Քննարկվում է դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով, նախագծով առաջարկվում է վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի վերաբերյալ կարգավորումները հանել և գործերի վերանայումը վերապահել վերաքննիչ քաղաքացիական և վերաքննիչ քրեական դատարանների առանձին վեցական դատավորներին։
«Այսինքն՝ հակակոռուպցիոն դատարանը կստեղծվի, բայց կլինի ընդամենը երկուական կազմ, որ կմասնագիտանա վերոնշյալ գործերի քննության ոլորտում։ Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թվակազմը ևս նվազել է, սահմանվել է, որ այն կգործի առնվազն 15 դատավորի թվակազմով, որից առնվազն 10-ը պետք է քննեն կոռուպցիոն հանցագործությունները, իսկ առնվազն 5-ը հակակոռուպցիոն քաղաքացիական գործերը»,- նշեց նա։
Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ նախագծից հանվել են վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորների թվակազմի ավելցման վերաբերյալ կարգավորումները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկայում այդ մասով Կառավարությունը հանդես կգա առանձին նախաձեռնությամբ։
«Խոսքը մասնավորապես Վճռաբեկ դատարանում վարչական պալատի ստեղծման գաղափարի մասին է։ Դրա ստեղծումից հետո քաղաքացիական պալատի թվակազմն առավել քան բավարար կլինի քաղաքացիական գործերի քննության համար, և այդ նախագիծն արդեն դրված է հանրային քննարկման։ Սահմանվել են նաև վերաքննիչ քրեական և վերաքննիչ քաղաքացիական դատարաններում առանձին դատավորների միջև գործերի բաշխման առանձնահատկությունները, իչպես նաև դրանից բխող հավասարաչափ բաշխման կանոնից նվազեցման տոկոսաչափի սահմանման կարգավորումները»,- ասաց նախարարը։
Նա նաև հավելեց, որ նախագծից հանվել են վերաքննիչ դատարանի դատավորների թեկնածուների համար բարեվարքության ուսումնասիրություն անցնելու պարտադիր պահանջի կարգավորումները, և այդ համատեքստում ամբողջությամբ վերանայվել են նախագծի անցումային դրույթները։
«ԱԺ կանոնակարգ օրենքում էլ սահմանվել է դրույթ, որով առաջարկվում է դատավորներին ներկայացվող պահանջներում ավելացնել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տրամադրված բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություն ներկայացնելը»,- նշեց Ռուստամ Բադասյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան