Մոսկվա Նիկոլի այցից մեծ բաներ սպասելու կարիք չկա, մտածում է իր հետագա ճակատագրի մասին. Արտակ Զաքարյան
«Արցախյան պատերազմից հետո այս իշխանությունների ստեղծած բոլոր պրոբլեմները Հայաստանի ու տարածաշրջանի համար ավելի շատ Ռուասատանի տիրույթում են լուծման ենթակա, որովհետև սրանք ամբողջ աշխարհին արդեն ապացուցել են, որ ի զորու չեն գործուն և կառուցողական որևէ խնդիր լուծել»,- ասուլիսում ասաց ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի մասին։
Նրա կարծիքով, որևէ հրատապության քննարկման ենթակա հարց չկար և իր ունեցած տեղեկություններով Փաշինյանը գնում է Մոսկվա հանդիպման զուտ իր անձնական խնդրանքով, անձնական նշանակության խնդիրներ քննարկելու համար։
«Նախաձեռնությունն էլ իր կողմից է եղել, որովհետև հրատապ լուծման հարց հանդիպման ու քննարկումների համար կարծես թե չկա։ Այնպես որ, այս այցից Հայաստանի համար մեծ բաներ սպասելու կարիք չկա, ավելի շատ հիմա Նիկոլը մտածում է իր հետագա ճակատագրի մասին»,- ասաց Ա. Զաքարյանը։
Անդրադառնալով արտահերթ ընտրություններին, նախկին պաշտոնյան վստահ չէ, որ դրանք կկայանան, քանի որ, ըստ նրա, այս իշխանություններն իրենց եսակենտրոնությամբ պատրաստ են ցանկացած ավանտյուրայի, եթե տեսնեն, որ այդ արտահերթ ընտրություններն իրենց պարտության հիմնաքարն է լինելու:
«Եթե Նիկոլը հույս ունի այդ արտահերթ ընտրություններով վերարտադրվել, ամենավերջին ողբերգությունն է, ամենավերջին վերջակետն է լինելու հայ ժողովրդի ու Հայաստանի՝ որպես պետության համար։ Յուրաքանչյուր քաղաքացի պետք է շատ խորը գիտակցի, կշռադատի այս իրավիճակը ու կարողանա օգնել քաղաքական ուժերին այս իրավիճակից երկիրը դուրս հանելու համար»,- ասաց Ա. Զաքարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը Փաշինյանի հետ կքննարկի իրավիճակն Արցախում և ինտեգրացիոն գործընթացներին առնչվող հարցեր. Կրեմլ