Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն թթվածնի խտացուցիչների նոր խմբաքանակ են նվիրաբերել Հայաստանին
Եվրոպական միությունը (ԵՄ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առողջապահության նախարարությանն են փոխանցել 100 թթվածնի խտացուցիչ, որոնք կօգնեն պացիենտներին ապաքինվել COVID-19-ի հետևանքով առաջացած ծանր հիվանդությունից: Այս մասին հայտնում են ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակից։
Սարքերը տրամադրվել են երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում:
Թթվածնի խտացուցիչները COVID-19-ով հոսպիտալացված հիվանդներին թթվածնով ապահովելու ոչ ինվազիվ միջոց են: Նման հավելյալ թթվածինն առաջին անհրաժեշտ քայլն է COVID-19-ի ծանր ընթացքի դեպքում արյան մեջ թթվածնի ցածր մակարդակ ունեցողների բուժման համար:
COVID-19-ի հետևանքով ստեղծված ճգնաժամի սկզբից ի վեր ԵՄ-ն և ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակն ակտիվորեն աջակցում են Հայաստանին կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում: Այս աջակցությունը տրամադրվում է COVID-19-ի համավարակին ուղղված ԵՄ արձագանքման շրջանակում։ Ծրագրի շրջանակում 2020 թվականին տրամադրվել են 100 թթվածնի խտացուցիչ, որոնք բաշխվել են COVID-19 սպասարկող հիվանդանոցներին՝ օգնելով հարյուրավոր պացիենտների։ Նաև տրամադրվել են 50 հազարից ավելի անհատական պաշտպանիչ միջոցներ, 20 էլեկտրասրտագրության սարք և 11 պացիենտի մոնիտոր։ Ազգային լաբորատորիաներին տրամադրվել է 20 հազար բարձրորակ ՊՇՌ թեստ։ Առաջիկա ամիսներին Հայաստան կառաքվեն 22 արհեստական շնչառության սարք և 7 ֆլյուրոսկոպիայի ստացիոնար սարքավորում։
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևը, առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն այցելել են ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ սարքավորումների առաքանին ստանալու համար:
«Եվրոպական միությունը Հայաստանի կողքին էր COVID-19 համավարակի բռնկման հենց առաջին օրերից՝ տրամադրելով աջակցություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներին համահունչ։ Այս դժվարին ժամանակաշրջանում տրամադրել ենք աջակցություն տնտեսական աճի ուղղությամբ, աջակցել հիվանդանոցներին՝ ապահովելով եվրոպացի մասնագետների այցեր, օգնել հեռավար կրթության հասանելիության ապահովման հարցում, և ամենակարևորը՝ համավարակի ընթացքում աջակցել ենք Հայաստանին փրկելու մարդկանց կյանքեր։
Կարծում եմ՝ թթվածնի խտանյութերի տրամադրումը կօգնի մեղմել համավարակի ընթացքում առաջացած սթրեսը և ճնշումները հիվանդանոցներում, բժիշկների և բուժքույրերի շրջանում՝ նպաստելով կյանքեր փրկելու և ՀՀ քաղաքացիների առողջության պահպանմանն ուղղված նրանց գործին: Միասնաբար, հուսանք, շուտով կտեսնենք այս համավարակի վերջնական նահանջը Հայաստանում։»,- նշել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները