Հարց Փաշինյանին. Հիմա ի՞նչ ուտեն աղքատները, երբ խառը կանաչին էլ է թանկացել
«Իրականում այսօր տոտալ ու դաժան կերպով երկիրն ու տնտեսությունը տապալվում են»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։
Նրա խոսքով, նման վիճակում են նաև սոցիալական ու հանրային կյանքի մյուս ոլորտները, որոնցում շարունակում ենք պարտություններ գրանցել։
«Հիմնական պատճառները փոխառնչվող են՝ գնաճից մինչև տնտեսական անկում, գործազրկության մակարդակի բարձրացումից, զբաղվածության կրճատումից մինչև իրական եկամուտների նվազում ու աղքատության մակարդակի աճ։ Այս բոլորն իրապես ունեն մեկ հիմնական պատճառ՝ տոտալ անպատասխանատվություն, ականջահաճո հայտարարություններ ու դրանց ճիշտ հակառակ գործողություններ ու վարքագիծ պետական կառավարման մարմինների կողմից»,- ասաց նա։
Բանախոսը հիշեցնում է երջանիկ քաղաքացի լինելու, երջանիկ ապրելու խոստումն ու մատնացույց անում իրականությունը, հիշեցնում է նպաստից դեպի աշխատանքի գնալու խոստումը, երբ նպաստառուների թիվը պետք է կրճատվեր ու ավելանար զբաղվածների թիվը, մատնացույց է անում պաշտոնական վիճակագրությունը, երբ 2020-ին 30 հազարով կրճատվել է զբաղվածների թիվը, իսկ 10 հազար մարդ կորցրել է հույսն ու աշխատանք չի փնտրում, 2019-ին, 2020-ին աղքատությունն ավելացել է, այսպես շարունակվելու դեպքում շուտով ամեն երկրորդ մարդը աղքատ է լինելու։
«Սրան զուգահեռ աճում են գները, հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների գները։ Սա բերում է իրական եկամուտների նվազման, աշխատող աղքատների ավելացման, և որ ամենավտանգավորն է, ծայրահեղ աղքատության ավելացման։ Գործող իշխանությունը խոստացել էր վերացնել երկրում ծայրահեղ աղքատությունը, մինչդեռ այդ ցուցանիշն ավելացել է, ավելանում է, և դրա հիմնական պատճառներից մեկը գնաճն է, անվանական եկամուտների համապատասխանաբար չաճելը»,- մանրամասնեց տնտեսագետը։
Վկայակոչելով պաշտոնական վիճակագրությունը՝ Թադևոս Ավետիսյանը նշեց՝ նույնսիկ օգտագործելով վիճակագրական վրձնի ողջ ներուժը այս տարվա երեք ամիսներին անվանական միջին աշխատավարձն ընդամենն աճել է 0.8 տոկոսով, մինչդեռ սննդամթերքի գներն աճել են մոտ 7.5 տոկոսով։
«Այսինքն, այդ տարբերության չափով մարդիկ կորցրել են իրական եկամուտ ու ավելի աղքատացել են»,- մանրամասնեց Ավետիսյանը՝ մեջբերելով պաշտոնական վիճակագրությունը, որի համաձայն, ձեթը մեկ տարվա ընթացքում թանկացել է ավելի քան 62.2 տոկոսով, շաքարավազը՝ 41 տոկոսով, հացամթերքը՝ 10 տոկոսով, ալյուրը՝ 15 տոկոսով, յուղը՝ 25 տոկոսով, կաթնամթերքը՝ 15 տոկոսով, միրգ-բանջարեղենը՝ 10-15 տոկոսով, խառը կանաչին՝ 30 տոկոսով։
Ավետիսյանը հիշեցնում է, երբ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր պատգամավոր էր խորհրդարանում բերում էր խառը կանաչիի ու սխտորի օրինակը՝ հայտարարելով, որ միայն դրանք են էժանացել։
«Ցավոք, այսօր մենք նույնսիկ խառը կանաչիի օրինակը չենք կարող բերել»,- նշեց նա՝ ավելացնելով, որ գնաճը ոչ միայն շարունակվում է, այլև տեմպն է ավելանում։
Փաշինյանի՝ խառը կանաչիի մասին ելույթը տեսանյութում.
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին