Պատգամավորները որոշեցին առանց կառավարության եզրակացության մասնավոր մուլտիպլեքսի տուրքի չափը փոխել
«Նախագծով առաջարկվում է մեկ մարզում մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության համար տարեկան սահմանել բազային տուրքի 3000-ապատիկի, իսկ Երևանում՝ 30000-ապատիկի չափով տուրք»,- Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը՝ ներկայացնելով «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
Բեղլոյանի հետ միասին օրենքը հեղինակել էին նաև Մխիթար Հայրապետյանը և «Իմ քայլը» դաշինքի պատգամավորական մանդատից հրաժաված Վահագն Թևոսյանը:
Նախագծի համահեղինակը նկատեց, որ նախորդ տարի ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով նախատեսվում է խրախուսել մասնավոր մուլտիպլեքսների առկայությունը մարզերում և Երևանում, բայց գործող շատ բարձր տուրքերը խոչընդոտում են դրան:
Ըստ Բեղլոյանի՝ մարզային օպերատորների համար թվային ցանցում հեռարձակող դառնալու համար ներկայում տուրքը կարող է հասնել մինչև 12 մլն դրամի, ինչը չէր խրախուսում մասնավոր հեռուստաընկերությունների մուտքը մասնավոր մուլտիպլեքս:
«Քանի որ այդ շուկան բացարձակ գոյություն չուներ մինչև «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի ընդունումը, ապա մարզային հեռուստաընկերությունների ներգրավման արդյունքում լրացուցիչ մուտքեր կգրանցվեն պետական բյուջե»,- հայտարարեց պատգամավորը:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գոռ Մելիքյանը հայտնեց, որ նախագիծը նոր է շրջանառության մեջ դրվել պետական շահագրգիռ մարմինների շրջանակում և կառավարությունը դեռ իր դիրքորոշումը չունի դրա վերաբերյալ:
Փոխնախարարը հավաստիացրեց, որ գործադիրի դիրքորոշումը կլինի մինչև նախագծի երկրորդ ընթերցումը:
Անուշ Բեղլոյանը հայտարարեց, որ դեռ չգիտեն, թե պետական տուրքի որ չափն է ընդունելի հեռուստաընկերությունների համար և խոստացավ առաջինից երկրորդ ընթերցում հանդիպել նրանց հետ և հստակեցնել դրանց չափը:
Հանձնաժողովն առանց կառավարության կարծիքի հավանություն տվեց նախագծին:
Հարակից հրապարակումներ`
- Ոչ բարեխիղճ ներմուծողները ներկրում և շահագործում են նորմերին չհամապատասխանող չափման սարքավորումներ
- Բաբկեն Թունյանը նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներին հրավիրում է մասնակցելու հանձնաժողովի նիստերին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին