«Արհեստական քիթ» և «Շաքարային դիաբետը և ալկոհոլը» նախագծերը կներկայացվեն Միջազգային գիտական ու ճարտարագիտական փառատոնին
Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլում առավելագույն միավոր ստացած 2 նախագիծ մայիսի 3-6-ն ընկած ժամանակահատվածում ARPA հիմնադրամի հովանավորությամբ մասնակցելու են Միջազգային գիտական և ճարտարագիտական փառատոնին: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ընտրված նախագծերն են «Քվանտ» վարժարանի աշակերտների ներկայացրած «Հոտերի տարբերակում արհեստական բանականության կիրառմամբ» և Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցի աշակերտների «Շաքարային դիաբետը և ալկոհոլը» հետազոտությունները:
«Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Կարեն Ալեքսանյանը, Ռոբերտ Սիմոնյանն ու Դավիթ Գյուլամիրյանը ներկայացրել են սարք, որը տարբերակում է հոտերը:
«Համաշխարհային գիտության մեջ արդեն վաղուց միտում կա արհեստական բանականությամբ տարբերակել մարդու զգայարանները։ Մենք էլ փորձել ենք ստեղծել արհեստական քիթ»,- մեկնաբանել են տղաները:
Ըստ նրանց՝ սարքը կիրառելի է տարբեր ոլորտներում, օրինակ՝ շատ հարմար է գործարաններում պայթյունավտանգ գազերի արտահոսքը կանխելու առումով:
«Կորոնավիրուսով վարակվելիս մարդիկ չեն զգում հոտեր, սարքը նրանց շատ կօգնի»,- կատակել են տղաները՝ հավելելով, որ հատկապես կանանց համար այն շատ պիտանի կլինի օծանելիքներ ընտրելիս:
Սարքը տարբերակում է նաև մարդկանց արտաշնչած օդը, ինչը բժշկության մեջհիվանդություններն ախտորոշելուհնարավորություն կտա: Խմբի գիտական ղեկավարի խոսքով՝ սարքը ստեղծելու իրենց վերջնական նպատակը նորամուծությունը հեռախոսների համար հասանելի դարձնելն է: Հետազոտությունը սկսել են դեռևս անցած տարվանից, սակայն համավարակովպայմանավորված՝ փառատոնը 2020 թ․-ին չի կայացել:
Արհեստական բանականությունն այն ոլորտն է, որը հետաքրքրում է ապագա մասնագետներին, և նրանք արդեն ընտրել են ծրագրավորողի և ինժեների մասնագիտությունները:
Պետք է նշել, որ Դավիթ Գյուլամիրյանը միջազգային օլիմպիադայի մասնակից է և Ժաուտիկովյան օլիմպիադայում արժանացել է ոսկե մեդալի: Ստանալով Միջազգային գիտական և ճարտարագիտական փառատոնին մասնակցության հնարավորություն, թիմը ոգևորությամբ նշել է, որ դա նոր հնարավորություն է իրենց համար:
Փառատոնին մասնակցելու են նաև Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցի աշակերտները, որոնք ներկայացրել են «Շաքարային դիաբետը և ալկոհոլը» նախագիծը: Ինչպես ներկայացրել է թիմի անդամ Աննա Թորոսյանը, աշխարհում 400 միլիոնից ավելի մարդ տառապում է շաքարային դիաբետով, և նրանց մեծ մասն օգտագործում է ոգելից խմիչք: Գրականության մեջ բացակայում են տվյալներն այն մասին, թե այդ հիվանդների շրջանում ալկոհոլն ինչպես է ազդում վարքագծի և արյան ձևավոր տարրերի վրա:
Խումբը հետազոտությունը կատարել է՝ սպիտակ առնետների մոտ ալոքսանով առաջացնելով շաքարային դիաբետի մոդել: Էթանոլի ազդեցության ներքո հետազոտել են հիվանդ առնետի վարքագծի և արյան փոփոխությունները: Աշակերտուհի Անի Գեղամյանը նշել է, որ կենդանիների վարքագծի ուսումնասիրման համար կիրառել են «Բաց դաշտ» թեստը, որը ցույց է տվել՝ ալոքսանի ներարկումից 3 օր հետո տեղի է ունեցել կենդանու վարքագծի փոփոխություն․ նվազել են շարժողական, կողմնորոշիչ-հետազոտական ակտիվությունը և հուզականությունը: Խումբը փորձել է բարելավել ալոքսանով առաջացրած շաքարային դիաբետը՝ կենդանիներին տալով ամինաթթվային խառնուրդ: Ոգևորված իրենց ունեցած հաջողությամբ՝ աշակերտները նշել են, որ այդ փորձարկումն արյան մեջ գլյուկոզի քանակի վրա կտրուկ ազդեցություն է ունեցել՝ մակարդակի իջեցմամբ: Աշակերտները հույս ունեն, որ իրենց նախագիծը հետագայում մարդկությանը մեծ օգուտ կբերի: