«Սպտուտնիկ V» պատվաստանյութը ՀՀ-ում գրանցված չէ, բայց կա այն օգտագործելու թույլտվություն. Ավանեսյան
«COVID-19-ի բոլոր պատվաստանյութերն այս պահին օգտագործվում են ազատ օգտագործման եղանակով, և Հայաստանն օգտագործում է նաև այդ պատվաստանյութը»,- այսօր Կառավարության շենքում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին թե արդյո՞ք «Սպտուտնիկ V» պատվաստանյութը Հայաստանում գրանցված է։
Նա նշեց, որ պատվաստանյութն օգտագործելու թույլտվություն կա, բայց այն Հայաստանում գրանցված չէ։
«Այս պահին պատվաստանյութերի գրանցում չի իրականացվում, քանի որ դրանք երրորդ փուլի մեջ են, բայց դրանց օգտագործման լայն թույլտվություն, այո՛, տրված է։ Օրենքն ունի մի քանի մեխանիզմ, դրանցից մեկն էլ արտակարգ իրավիճակներում պատվաստանյութն օգտագործելու թույլտվություն տալն է։ Եվ այդ թույլտվությունը տրված է»,- ասաց նախարարը։
Նա նշեց, որ բոլոր պատվաստանյութերն էլ, որոնք կավարտեն կլինիկական հետազոտության երրորդ փուլը, կարող են նաև գրանցվել։
Անահիտ Ավանեսյանը նաև տեղեկացրեց, որ երեկ բերված «Սպտուտնիկ V»-ի 15 հազար խմբաքանակի յուրաքանչյուր 2 դոզայի համար վճարվել է 19 դոլար։
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, թե Հայաստանը գրանցել է «Սպտուտնիկ V» ռուսական պատվաստանյութը։
Հարակից հրապարակումներ`
- Sputnik V պատվաստանյութի առաջին խմբաքանակն Հայաստանում է
- Հայաստանը պատրաստվում է Sputnik V ռուսական պատվաստանյութի մեծ խմբաքանակ ձեռք բերել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան