Անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոն՝ Հրազդանում
ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում բացվել է անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոն: Կենտրոնը հիմնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) 2-րդ ծրագրի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի բացման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչներ՝ ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ, Հրազդանի քաղաքապետի տեղակալ Վարուժան Սաֆարյանը, Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Առուստամյանը:
Մասնագիտացված կենտրոնի նպատակն է Հայաստանում զարգացնել անասնապահության ոլորտը: Կենտրոնը տեղի գյուղացիական տնտեսություններին տրամադրելու է ծառայությունների ամբողջական փաթեթներ, կապեր է ստեղծելու գյուղատնտեսների և միջազգային ընկերությունների միջև, որոնք տրամադրում են պարագաներ, սարքավորումներ և տեղեկատվություն՝ անասնապահության զարգացման նոր տեխնոլոգիաների վերաբերյալ։ Կենտրոնը հագեցած է լինելու արհեստական սերմնավորման և անասնաբուժական ժամանակակից սարքավորումներով և գործիքներով։
Կենտրոնում ծառայություններ են մատուցելու նաև արցախցի երկու անասնաբույժներ: «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը նրանց հրավիրել է ՊՈԱԿ՝ առաջարկելու «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն»-ի հետ համագործակցություն՝ ներգրավվելու գյուղկենդանիների պատվաստման գործընթացում:
(CARMAC) 2-րդ ծրագրի շնորհիվ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում բացվել է նաև արհեստական սերմնավորման մուլյաժներով կահավորված լսարան: Լսարանը համալրված է լինելու կենդանիների արհեստական սերմնավորման մի շարք մուլյաժներով` ծննդագիտության դասընթացները բարձր մակարդակով անցկացնելու համար: Լսարանի բացման արարողությանը ևս ներկա են գտնվել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Տիգրան Գաբրիելյանն ու Արման Խոջոյանը, ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ղեկավար կազմի ներկայացուցիչներ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանից:
Լսարանում նախատեսվում է նաև անասնաբույժների, արհեստական սերմնավորող տեխնիկների և ֆերմերների վերապատրաստում՝ ինչպես կովերի ծննդօգնության, այնպես էլ արհեստական սերմնավորում թեմաներով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան