Գյումրիում կներկայացվեն բնօրինակ եվրոպական փորագրանկարներ, գեղանկարներ ու փոստային բացիկներ՝ հայուհիների կերպարների դրվագմամբ
Ապրիլի 10-ին ժամը 14:00-ին, Գյումրի քաղաքի Տերյան 25 հասցեում իր դռները կբացի ՀԱՅՈՒՀԻ թանգարանային ցուցադրությունը, որը կազմակերպվել է ալեքսանդրապոլյան պատմական միջուկի մասը կազմող շենքերից մեկում, որն առավել հայտնի է «Մեր մանկության տանգոն» սիրված կինոնկարի հայտնի դրվագներից։ Այս մասին հայտնում է «Գյումրի 20/25» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը:
«Այս ցուցադրությունը բացառիկ է ներկայացված նյութերով և բովանդակությամբ։ Այն ներառում է 16-19 դդ․ հազվագյուտ բնօրինակ եվրոպական փորագրանկարներ, գեղանկարներ ու փոստային բացիկներ՝ հայուհիների կերպարների դրվագմամբ։
Օտար ճանապարհորդները հնուց անտի մեծ հիացմունով են խոսել հայուհիների գեղեցկության մասին։ Բազմաթիվ օտար փորագրանկարիչներ, լուսանկարիչներ ու գեղանկարիչներ պատկերել են հայուհիների գեղեցկությունը։
Այս ցուցադրությամբ «Գյումրի 20/25» բարեգործական հիմնադրամը մեկնարկում է իր բազմաթիվ նախագծերից առաջինը։ Թանգարանի տարածքում գործելու է գրախանութ, իսկ այցելուները հնարավորություն կունենան հյուրընկալվելու ալեքսանդրապոլյան վերականգնված միջավայրում, ծանոթանալ «Մեր մանկության թանգոն» ֆիլմի նկարահանման դրվագներին ու Մհեր Մկրտչյանի մասնակցությամբ կինոնկարների պաստառներին։
«Գյումրի 20/25» բարեգործական հիմնադրամը շնորհակալությունն է հայտնում Արարատ-Էսքիջյան թանգարանին (Լոս Անջելես) ցուցադրության նյութերի ձեռքբերման հարցում աջակցելու համար, ինչպես նաև հիմնադրամի բարեկամներին, ովքեր օգնեցին նախագծերի իրականացման նախնական փուլում»,- գրել է Հայկ Դեմոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գումրիում կբացվի «Հայուհի» թանգարանային ցուցադրություն
- Հայկ Դեմոյան. Գյումրին չօգտագործված, չբացահայտված հսկայական ռեսուրս է
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում