ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի երկրները քննարկել են ՌԴ ակտիվությունն Ուկրաինայի սահմանների մոտ
ԱՄՆ-ի, Կանադայի, Լիտվայի, Լեհաստանի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել և քննարկել Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի ռազմական ակտիվության ենթադրյալ աճը: Հանդիպումը, որին մասնակցում էին Միացյալ Նահանգների Պաշտպանության փոխնախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ամանդա Դորին և ՆԱՏՕ-ի անդամ այս երկրների ներկայացուցիչները, անցկացվել է առցանց: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Պենտագոնի կայքը:
Հաղորդվում է, որ հանդիպման մասնակիցները քննարկել են իրենց մտահոգությունները տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական ակտիվության բարձրացման վերաբերյալ:
Նշվում է, որ նրանք նաև վերահաստատել են իրենց վճռական աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրաատլանտյան ձգտումներին:
Պենտագոնի հայտարարությունում շեշտվում է նաև, որ Ռուսաստանի ապակայունացնող գործողությունները խարխլում են լարվածության դեէսկալացիայի որոշման կատարումը, որը ձեռք էր բերվել 2020 թ. հուլիսի 27-ին ԵԱՀԿ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագրով:
Ավելի վաղ ԱՄՆ-ն անհանգստություն էր հայտնել Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի խմբավորման ավելացման կապակցությամբ և խնդրել Մոսկվային բացատրել, թե ինչ է տեղի ունենում: Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը Ռուսաստանի գործողությունները որակել է Ուկրաինային «ահաբեկում» և հայտնել, որ Վաշինգտոնը վստահության ազդանշան է փոխանցել իր ուկրաինացի գործընկերներին:
Ռուսաստանի Դաշնությունը հայտարարել է, որ կապի մեջ է ԱՄՆ-ի բարձրաստիճան ղեկավարության հետ՝ Ուկրաինայում առկա լարվածության հետ կապված: Մոսկվան մերժել է նաև արևմուտքի մտահոգությունները հարավում ռուսական ռազմական հզորության ավելացման վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում