Արա Սաղաթելյան. Ունենք հիմքեր՝ կասկածելու, որ վարչապետի աթոռին նստած կլոունը առիթ կգտնի և կչեղարկի ընտրությունը
«Հրապարակ»-ը գրել էր, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի թիմը կուսակցություն է գրանցել, որով էլ մտադիր են մասնակցել առաջիկա հավանական ընտրություններին։
Կուսակցությունը կոչվում է «Իմ Հայաստան», նախագահն է Նարեկ Սամսոնյանը։ Սակայն, «Հրապարակ»-ի տեղեկությամբ, եթե մասնակցեն ընտրություններին, ցուցակը հնարավոր է գլխավորի ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, Մինասյանի վաղեմի ընկեր Արա Սաղաթելյանը։
Նա «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է՝ ինքն այդ կուսակցության կազմում չէ, իրենք այս պահին հրապարակման ենթակա այլ որոշում չունեն, քան այն հայտարարությունը, ով Նիկոլին դեմ է, իրենք նրա հետ են։
«Մենք ունենք բավարար հիմքեր՝ կասկածելու, որ այդ ընտրությունները կկայանան։ Ուստի, երբ որ միանշանակ կլինի, որ այս ընտրությունները կկայանան, այդ պահին մենք կկողմնորոշվենք շատ սեղմ ժամկետում, և, իհարկե, դուք դրա մասին կիմանաք»,- ասել է Արա Սաղաթելյանը։
«Հրապարակ»- Իսկ եթե կայանան ընտրությունները, արդյոք կմասնակցե՞ք՝ Նարեկ Սամսոնյանի գլխավորած կուսակցությամբ, և եթե չկայանան ընտրությունները, ի՞նչ եք անելու այդ դեպքում։
Արա Սաղաթելյան- Թե ինչ ենք անելու, եթե ընտրությունները չկայանան, անելու ենք այն, ինչ անում ենք հիմա՝ նոր թափով շարունակելու ենք պայքարը՝ ապացուցելով բոլորին, որ Նիկոլը ստախոս է և վարչապետի աթոռին հանգամանքների բերումով հայտնված անձնավորություն է, որն այս երկիրը տանում է դեպի անդունդ։
«Հրապարակ»- Ձեր արածը մինչև հիմա արդյունք չի տվել։
Արա Սաղաթելյան- Թույլ տվեք Ձեզ հետ չհամաձայնել, որովհետև ես տեսնում եմ այդ արդյունքը՝ մարդկանց հետ շփումների արդյունքում։ Հասարակությունն աստիճանաբար դուրս է գալիս շոկային իրավիճակից, փորձում է ուշքի գալ պատերազմի ու զոհերի կորստի ցավից: Եվ հոսքը պասիվ կամ շոկային տրամադրությունից դեպի նիկոլիզմի մերժում գնալով մեծ է։
«Հրապարակ»- Մենք ունենք տեղեկություն, որ Միքայել Մինասյանը որոշել է մասնակցել ընտրություններին սեփական թիմով և միայնակ, ցուցակը կգլխավորեք Դուք, մյուս անդամներն էլ կլինեն Ռուբեն Մխիթարյանը, Ռուբեն Մելիքյանը, Անժելա Էլիբեգովան, Կարեն Բեքարյանը և այլք։
Արա Սաղաթելյան- Որևէ ցուցակ գլխավորելու հարց ինձ հետ չի քննարկվել, որևէ ցուցակի մասին այս պահին քննարկում չկա, առավելապես Նարեկ Սամսոնյանի կուսակցությունը որպես պլատֆորմ օգտագործելու մասին մենք չենք խոսել։
«Հրապարակ»- Բայց Նարեկ Սամսոնյանն ինքը մեզ ասաց, որ դեմ չի լինի, եթե Դուք գլխավորեք ցուցակը։
Արա Սաղաթելյան- Գիտե՞ք, ես կարծում եմ, որ էլի կլինեն կուսակցություններ, որոնք դեմ չեն լինի, որ ես գլխավորեմ իրենց ցուցակը։
«Հրապարակ»- Իսկ ի՞նչ եք մտածում, դաշինքո՞վ կմասնակցեք, թե՞ միայնակ․ քաղաքական առումով ո՞րն է Ձեզ համար ավելի ընդունելի։
Արա Սաղաթելյան- Այս պահին ունենք բավարար հիմքեր՝ կասկածելու, որ վարչապետի աթոռին նստած կլոունը նորից առիթներ կգտնի և կչեղարկի ընտրությունը։ Այն պահին, երբ կնշանակվեն ընտրություններ, կարճ ողջամիտ ժամկետում, պատկերացնելով, թե ինչ է կատարվում այդ պահին դաշտում, այսինքն՝ ինչ դաշինքներ կան, ով ոնց է գնում, և եթե ընդունենք մասնակցելու որոշում, կծանուցենք հասարակությանը:
«Հրապարակ»- Իսկ դուք պատրա՞ստ եք Ձեր նշած «կլոունի» հետ գնալ ընտրությունների, Ձեր սրտո՞վ է նրա առաջ քաշած օրակարգը՝ հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների մասով, կգնա՞ք ընտրության մի մարդու օրակարգով, որին դավաճան եք անվանում։
Արա Սաղաթելյան- Ձեր հարցի ենթատեքստը ես հասկանում եմ։ Բայց եթե չկա փրկության այլ ուղի, ես ընկալում եմ ընտրությունները որպես վերջին քաղաքակիրթ գործիք՝ սրանից ազատվելու։ Ես դեռ հավատում եմ, որ փողոցային պայքարը կարող է տալ արդյունք։ Չնայած որ բազմիցս պնդել եմ, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական մարդ չէ, այսինքն՝ քաղաքական և բարոյական պատասխանատվության ինստիտուտներն իր համար գոյություն չունեն։ Ինքը բնազդներով շարժվող մարդ է, որն իրավիճակային որոշումներ է ընդունում՝ այդ աթոռին իր գտնվելը երկարացնելու համար։
«Հրապարակ»- Բայց մենք տեսանք, որ Հայրենիքի փրկության շարժումն այդ փրկությունը չգտավ, փողոցով արդյունքի չհասաք, հիմա էլ գնում եք մի մարդու հետ ընտրության, որին դուք պետք է օր առաջ հեռացրած լինեիք։
Արա Սաղաթելյան- Հայրենիքի փրկության շարժման հետ ես որևէ կապ չունեմ, մենք ընդամենը համախոհներ ենք Նիկոլին իշխանությունից հեռացման և երկիրը նիկոլիզմից ազատելու հարցում։ Այսինքն՝ ես չեմ կարող մեկնաբանել շարժման գործողությունները։ Երկրորդը․ ես չեմ համարում, որ արդյունքի չեն հասել։ Առաջին արդյունքն այն է, որ Նիկոլը հասկացավ, որ ընտրությունները կարող են լինել ինչ-որ իրավիճակում լարումը թուլացնելու գործիք։ Բայց նա չի գնում ազնիվ ընտրություններ անցկացնելու, նա ընդամենը փորձում է, որպես լարումը նվազեցնելու միջոց, օգտագործել ընտրությունների խոստումը։ Եվ դրա համար վերադառնում եմ այն պնդմանը, որ այս սուտասանի պարագայում բավարար հիմքեր կան ենթադրելու, որ ոչ մի ընտրություններ չեն լինելու:
«Հրապարակ»- Իսկ Դուք չե՞ք տեսնում այն ռիսկը, որ Նիկոլ Փաշինյանը կարող է հունիսի 20-ին կեղծիքով, վարչական ռեսուրսի չարաշահմամբ, մարդկանց մանիպուլացնելով կամ դեռևս ունեցած վստահության հաշվին նորից գալ իշխանության և լեգիտիմացնել իր գոյությունը։
Արա Սաղաթելյան- Գիտե՞ք, ես անձամբ համարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չունի ժողովրդի վստահությունը, որովհետև ես շփվում եմ բազմաթիվ մարդկանց հետ, ովքեր վստահել և հավատացել են, հասկացնել, թե ինչ մեծ սխալ են գործել: Դրա մասին են վկայում վարչական ռեսուրսով մի կերպ կազմակերպվող նրա մարզային այցերը: Ես վստահ եմ, որ մարդկանց մեծամասնությունն արդեն հասկացել է, որ Նիկոլի հետ ապագա չկա: Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիակ է, իսկ քաղաքական դիակները երբեք չեն վերակենդանանում։ Քաղաքական դիակները մաքսիմում դառնում են քաղաքական խրտվիլակներ, ինչ-որ մեկի ձեռքում կատարում են ինչ-որ ֆունկցիա, հետո նետվում են պատմության աղբանոցը։
«Հրապարակ»- Ձեր նշած այդ «քաղաքական դիակը», սակայն, մինչև հիմա շնչում է, նույնիսկ արտաշնչում է։
Արա Սաղաթելյան- Շնչում-արտաշնչում է, դա իր կենդանական բնույթն է․ կարող է շնչել և արտաշնչել։ Նա որպես երկրի ղեկավար այլևս գոյություն չունի, կապիտուլյանտի կնիքը ցմահ դաջված է նրա ճակատին, իսկ մեր զոհված տղերքի արյունը նրա ձեռքերին է:
Հարակից հրապարակումներ`
- Արա Սաղաթելյան. Դատախազությունը Վճռաբեկ դատարան է դիմել ճնշման արդյունքում
- Վանո Սիրադեղյանը կենդանի դասական էր, իսկ Նիկոլ Փաշինյանը դասական կենդանի է. Արա Սաղաթելյան
- Արա Սաղաթելյան. Նիկոլ Փաշինյանն ու նրա խմբակը գողեր են, գողացել են մեր իրականությունն ու ապագան
- Արա Սաղաթելյան. Մեր ժողովրդի դրաման այն է, որ Փաշինյանն այդպես էլ վարչապետ չդարձավ
- Արա Սաղաթելյան. Որպես ազգ ու պետություն՝ մենք դարձել ենք որբի գլուխ
- Արա Սաղաթելյան. Այո, Փաշինյանը փախնող է
- Արա Սաղաթելյան. Առկա են բազմաթիվ հիմքեր գործող նախագահին իմպիչմենտ հայտարարելու համար
- Արա Սաղաթելյանը՝ Փաշինյանի մասին. Այս փնթին իր համար կենդանի վահան էր դարձրել երեխաներին
- Արա Սաղաթելյան. Գտնվում ենք շարունակական պարտության մեջ, և դրանից ազատվելու միակ գործիքն այս իշխանությունից ազատվելն է
- Արա Սաղաթելյան. Նիկոլը քաղաքական դիակ է, որի գարշահոտությունը չի թողնում, որ մեր ժողովուրդը շնչի
- Արա Սաղաթելյան. Այս ծավալի ստվերային արդարադատություն Հայաստանում երբեք չի եղել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին