Բարձրաստիճան սպաներն ուղղաթիռները դարձրել են տաքսիներ. Շահե Աճեմյան
«Երկիրը վտանգող, դավաճանող այս ապիկար իշխանության ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանին մեր բանակը պետք է վաղուց ձերբակալած լիներ, կամ էլ հեղաշրջում պետք է աներ»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ազատամարտիկ Շահե Աճեմյանը՝ պնդելով, որ բանակի պարտականությունն է երկրի տարածքային ամբողջականության պաշտպանումը:
Ըստ ազատամարտիկի՝ այսօր բանակն իր առաքելությունը չի կատարում՝ հանդուրժելով Նիկոլ Փաշինյաի իշխանությանը, որը շարունակում է հողեր հանձնել:
Շահե Աճեմյանը ցավով արձանագրեց՝ բանակն այսօր այնպիսի վիճակում է, որ բարձրաստիճան սպաներն ուղղաթիռները դարձրել են տաքսիներ և դրանցով լքում են ՊՆ շենքը, կան նաև ցանկապատների վրայով անցնող սպաներ:
Ազատամարտիկը համոզված է, որ բանակի այդ վիճակից օգտվելով՝ Նիկոլ Փաշինյանն այն բաժանել է Արտակ Դավթյանի և Օնիկի Գասպարյանի միջև:
Աճեմյանի խոսքով՝ ժողովուրդը պետք է հասկանա, որ չարիքի, վիշապի գլուխը Նիկոլ Փաշինյանն է:
Նա համոզմունք հայտնեց, որ եթե ընտրությունների ժամանակ հաղթեն իշխանությունները, ապա ժողովուրդը չի ընդունի արդյունքները, իսկ հակառակ արդյունքի դեպքում էլ Նիկոլ Փաշինյանը չի զիջի և կսկսվի արյունահեղություն:
«Ես դեռ հավատում եմ, որ կգտնվի պատիվ ունեցող, ուսադիրներ կրող սպա, որն այդ «սրբազան խենթությունը» կանի և երկիրը քաոսային վիճակից կհանի, կկանխի ընտրությունների միջոցով սկսվող արյունահեղությունը»,- հայտարարեց ազատամարտիկը՝ պնդելով, որ չպետք է թույլ տալ գործը հասնի ընտրություններին:
Նա սպասում է, որ Նիկոլ Փաշինյանը կհանձնի նաև Մեղրին, Տավուշի և Արարատի մարզի մի մասը:
«Երբ ժամանակին Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ դեպի ապահով Հայաստան, որևէ մեկն այսօր հասկանո՞ւմ է թե ինչ էր ուզում ասել, հետո եկան այդ ապահով Հայաստանի դեմ պայքարեցին և արևմտյան մութ ուժերը մեզ հասցրեցին այս օրվան»,- հայտարարեց ազատամարտիկը և պնդեց, որ այդ գործընթացը դեռ հնարավոր է կանգնեցնել՝ միայն Նիկոլ Փաշինյանին հեռացնելով::
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան