Ջորջ Քենթ. «3+3» նախաձեռնությունը դուրս է թողնում ԱՄՆ-ին և արևմտյան այլ գործընկերներին
«Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո Թուրքիան և Ռուսաստանը, Իրանի աջակցությամբ, առաջ են մղել, այսպես կոչված, երեք գումարած երեք նախաձեռնությունը, որը զգալիորեն տարբերվում է Միացյալ Նահանգների և արևմտյան այլ գործընկերների վերջին երեք տասնամյակում որդեգրած տեսլականից»,- այս մասին ասել է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը՝ Հարավային Կովկասի վերաբերյալ «Թուրքական ժառանգություն» հասարակական կազմակերպության կողմից անցկացված վեբինարի ժամանակ, գրում է Ամերիկայի Ձայնը։
«Այսպես կոչված երեք գումարած երեք առաջարկը չափազանց տարբերվող այլընտրանքային տեսլական է, որը դուրս կթողնի ԱՄՆ-ին և որոշ այլ արևմտյան գործընկերներին»,- հայտարարել է Քենթը:
Իր հերթին Քաթարում Թուրքիայի նախկին դեսպան Միթհաթ Ռենդեն նշել է, թե առաջնային հարցերից է խաղաղ գոյակցության միջավայրի հաստատումը: Նա հույս է հայտնել, որ Վրաստանն ու Հայաստանը կմիանան հարաբերությունների բարելավման և տնտեսական համագործակցության ջանքերին:Վերջինս համակարծիք չէ փոխպետքարտուղարի տեղակալի կարծիքի հետ երեք գումարած երեք նախաձեռնության վերաբերյալ:
«3+3-ը նոր հարթակ է, բայց, իհարկե, այն չի խանգարում Միացյալ Նահանգներին կառուցողական դեր խաղալ և փորձել աջակցել, ինչպես դա արվում էր նախկինում»,- ասել է Միթհաթ Ռենդեն:
Ռենդեն շեշտում է՝ Թուրքիան Լեռնային Ղարաբաղում ՌԴ հետ համատեղ կենտրոնի միջոցով իրականացնում է ոչ թե խաղաղապահ, այլ դիտորդական առաքելություն: Նա հիշատակեց 1994 թվականին իր կողմից վարած բանակցությունները Բուդապեշտում, երբ, ըստ Ռենդենի, Թուրքիային հաջողվել էր կանխել ռուսական խաղաղապահների մուտքը ԼՂ հակամարտության գոտի ԵԱՀԿ-ի դրոշի ներքո:
Ամերիկացի նախկին դիվանագետ, Մինսկի խմբի համանախագահի նախկին պաշտոնակատար Ռիչարդ Հոգլանդն էլ իր խոսքում կարևորել է Մինսկի խմբի դերը հակամարտության վերջնական կարգավորման հարցում, սակայն, ըստ նրա, անհրաժեշտ է հասկանալ ինչպիսի դերակատարում պետք է ստանձնի այն: Ըստ Հոգլանդի, Ռուսաստանն այսօր հաստատել է ռազմական ներկայություն Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներում, ուստի, նրա կարծիքով, Մոսկվան շահագրգրված չէ որևէ գործողության մեջ՝ հակամարտության կարգավորմանը հասնելու համար: Անհրաժեշտ է բարձրացնել վստահության մակարդակը Թուրքիայի և ՀՀ-ի, ինչպես նաև Ադրբեջանի ու ՀՀ-ի միջև, նշում է Հոգլանդը՝ շեշտելով այս հարցում ԱՄՆ-ի կարևոր դերակատարումը:
«ԱՄՆ-ը կարող է դեր ստանձնել այս հարցում, բայց մենք պետք է առնվազն բարձրացնենք մեր ներկայացուցչական մակարդակն այս տարածաշրջանում, և դա հնարավոր է անել բարձր մակարդակի այցելությունների միջոցով»,- առաջարկել է դեսպան Հոգլանդը:
Քննարկման մեկ այլ բանախոս, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռոբերտ Չեկուտան իր հերթին ընդգծում է՝ այսօր ստեղծված կացությունը զայրույթ և խորը հիասթափություն է առաջացրել Հայաստանում, ճիշտ այնպես, ինչպես դա տեղի էր ունեցել 1990-ականներին պատերազմը պարտված Ադրբեջանում: Նախկին դեսպանը վստահ է՝ Վաշինգտոնը պետք է ստանձնի ավելի ակտիվ դերակատարություն տարածաշրջանում, երկխոսություն ծավալի Բաքվի ու Երևանի հետ՝ ստիպելով կողմերին վերանայել իրենց հռետորաբանությունը, ազգաբնակչությանը պատրաստել խաղաղ երկխոսության և ջանքեր գործադրել` հրադադարի փոխարեն տևական կարգավորմանը հասնելու ուղղությամբ: Այստեղ կարևոր է, ըստ նրա, Թուրքիայի դերը, որը կարող է նպաստել առաջխաղաղացմանը՝ վերականգնելով ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններն ու առևտրային կապերը: Հայաստանին անհրաժեշտ է տարածշարջանային ինտեգրացում, շեշտում է Չեկուտան:
Քննարկամը մասնակցող Ջորջթաուն համալսարանի պրոֆեսոր Ռոջեր Քենգասի կարծիքով էլ նախկինում Հարավային Կովկասում Մոսկվան ուներ միանձնյա գերակայություն, սակայն վերջին պատերազմը ցույց տվեց, որ իրավիճակն այստեղ փոխվել է: Ի դեմս Թուրքիայի, առաջ են եկել նոր խաղացողներ, որոնք հետաքրքրված են Հարավային Կովկասով: Վերլուծաբանը վստահ է՝ Մոսկվան այսուհետ ստիպված է լինելու հաշվի նստել այս հանգամանքի հետ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան