Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Կրեմլի հաղորդմամբ, շարունակվել են քննարկումները Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի, դրա հետագա կայունացման վերաբերյալ`համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարությունների:
«Մասնավորապես, բովանդակային քննարկվել են տարածաշրջանի խաղաղության, անվտանգության և սոցիալ-տնտեսական զարգացման, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ աշխատանքների առաջընթացի խնդիրները: Միաժամանակ հաշվի են առնվել ապրիլի 7-ին Մոսկվայում կայացած ռուս-հայկական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքները»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ակտիվացնել շփումները տարբեր ձևաչափերով: