Իտալիայի վարչապետ Դրագին Էրդողանին անվանել է «բռնապետ»՝ «Sofagate»-ից հետո
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է «բռնապետ» և քննադատել է նրան՝ երեքշաբթի պաշտոնական այցի ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին աթոռ չտրամադրելու ու բազմոցին նստեցնելու համար, որն արդեն ստացել է «Sofagate» անունը։ Այս մասին գրում է Politico-ն։
«Ես շատ ցավում եմ այն նվաստացման համար, որը Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լեյենը ստիպված եղավ կրել», - ասել է Դրագին՝ նախօրեի երեկոյան կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք, որ Էրդողանը Անկարա կատարած պաշտոնական այցի ընթացքում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին առաջարկել էր նստել իր կողքի աթոռին, իսկ կնոջը՝ ֆոն դեր Լեյենին թողնում է նստել մոտակա բազմոցին, որն ըստ արարողակարգի ավելի ցածր պաշտոնյաների, կամ անգամ թարգմանիչների համար է նախատեսված»։
«Կարծում եմ, որ դա պատշաճ վարք չէր», - ասել է Դրագին՝ նախքան մեկնաբանելը, թե ինչպես պետք է գործ ունենալ «բռնապետերի» հետ:
«Սրանով, եկեք նրանց կոչենք այնպես, ինչպիսին կան՝ բռնապետեր, որոնց հետ մենք պետք է համագործակցենք, ... պետք է անկեղծ լինել հասարակության տեսակետների, կարծիքների, վարքագծի, տեսլականների բազմազանություն արտահայտելու հարցում: Եվ նաև պետք է պատրաստ լինել համագործակցել՝ իրենց երկրի շահերը պաշտպանելու համար: Սա կարևոր է: Մենք պետք է ճիշտ հավասարակշռություն գտնենք », - ասել է Եվրոպական Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Դրագին:
Դրագիի հայտարարությունից հետո Իտալիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ։
Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն իր թվիթերում գրել է․ «Մենք խստորեն դատապարտում ենք Իտալիայի նշանակված վարչապետի անընդունելի խոսքերը մեր ընտրած նախագահի հասցեին, և Իտալիայի վարչապետին կոչ ենք անում պատասխան տալ լկտի խոսքերի համար»:
Հարակից հրապարակումներ`
- ԵԺԿ-ն պահանջում է լիագումար նիստ՝ քննարկելու Թուրքիա ԵՄ պաշտոնյաների այցն ու նրանց նկատմամբ վերաբերմունքի հարցը
- Ինչո՞ւ Եվրահանձնաժողովի ղեկավարին Էրդողանի հետ հանդիպմանը աթոռ չեն տվել
- Քուրդ պատգամավորը Ուրսուլա ֆոն դեր Լեյենին աթոռ չտալը կապեց տղամարդկանց դոմինանտ դիրքի հետ