«Հեռացեք, որ գերիները վերադառնան, անհետ կորածները գտնվեն, հերոս տղերքի ծնողները գոնե մի փոքր խաղաղվեն»
Արցախյան պատերազմի ընթացքում զոհված Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ընթերցեցի ՀՀ պաշտպանության նախարարության շուրջ այս օրերին ստեղծված իրավիճակի վերաբերյալ ռազմագետ Կարեն Հովհաննիսյանի գրառմանը, որը մի պարզ եւ տրամաբանական հարցադրում է անում՝ ինչո՞ւ եք ծնողներին ուղղորդել ՊՆ-ի վարչական շենք, երբ բանակցողը կառավարությունն է։ Ինչո՞ւ ոչ կառավարության շենք։
Իսկապես, ինչո՞ւ ոչ այնտեղ, որտեղ կայացվում են քաղաքական որոշումներ, որտեղ նստած են մարդիկ, որոնք իրենց քայլերով մեր երկիր պատերազմ բերեցին, պատճառ դարձան ավելի քան հինգ հազար զոհերի, Շուշիի եւ Հադրութի կորստին։ Եւ իրոք, ինչո՞ւ չշրջափակել կառավարության շենքը, որի ղեկավարն իր հանցավոր անփութությամբ կամ դիտավորությամբ նոյեմբերի 9-ին ստորագրած համաձայնագրում չամրագրեց գերիների փոխանակման վերջնաժամկետը, անհետ կորածների որոնման գործողությունների կարգն ու իրականացման պայմանները։
Ի դեպ, այսօր մեր՝ Ճշմարտություն սերունդների համար նախաձեռնությունն այդ մասին հանդես է եկել հայտարարությամբ։ Ինչո՞ւ գերիների, անհետ կորածների ծնողներին չեք ուղղորդում դեպի այն շենքը, որտեղ նստած է այն մարդը, որը Լելե թեփեի արյունալի եւ պատերազմի ելքը հօգուտ Ադրբեջանի կանխորոշած քաղաքական որոշման հեղինակն է։ Օրեր առաջ Ճշմարտություն սերունդների համար նախաձեռնությունը հրապարակեց Լելե թեփեի օպերացիայի վերաբերյալ հետաքննությունը եւ պահանջեց բացահայտել քաղաքական որոշման պատասխանատուին։
Մինչ այսօր ոչ մի արձագանք կառավարությունից եւ խորհրդարանական Իմ քայլը խմբակցությունից։ Ակնհայտ է, ինչ որ ուժեր ամեն կերպ ցանկանում են ողբերգության, ազգային աղետի ամբողջ պատասխանատվությունը գցել բանակի վրա, ամեն ինչ անում են բանակը ամբողջովին կազմաքանդելու համար։ Եւ մենք գիտենք, որ այդ ուժը վարչապետի պաշտոնը զբաղեցնողի նեղ թիմն է։ Իսկապես, շատ վտանգավոր խաղ է ընթանում մեր բանակի գլխին։
Ավելին, գործող վարչախումբը սեփական գովազդի համար կանգ չի առնում ոչնչի առաջ։
Անարգելով Արցախյան պատերազմում զոհված հերոս տղերքի հիշատակը, փաշինյանի թիմը քրեական պատասխանատվությունից ազատում է զինծառայությունից ապօրինաբար խուսափածներին։ Անգամ պատրաստ են խաղալ գերիների ծնողների նուրբ զգացմունքների հետ, եւ առանց հիմնավոր փաստերի հայտարարում են, թե ժամերի ընթացքում գերիները վերադառանալու են, իսկ հետո, երբ պարզվում է, որ ամենաբարձր մակարդակով կրկին ստել են, Ալեն Սիմոնյանը հայտարարում է, թե իրենք ընդամենը հույսեր են ունեցել։
Իսկ մեր, ժողովրդի հույսն ու պահանջն էլ այն է, որ ձեր նման ստախոսները, դիլետանտի մակարդակով պետություն կառավարողները եւ պատերազմ վարողները ժամ առաջ հեռանան։ Ի դեպ, դուք հասել եք մի կետի, որ ձեզ ստախոսության մեջ մեղադրում է այլ երկրի բարձրաստիճան զինվորականը։ Հեռացեք։ Ժամ առաջ հեռացեք, որ գերիները վերադառնան, անհետ կորածները գտնվեն, հերոս տղերքի ծնողները, քույրերն ու եղբայրները գոնե մի փոքր խաղաղվեն, իսկ երկիրն էլ աստիճանաբար շտկի իր մեջքը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան