«Պատերազմի աչքերը»՝ արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի աչքերով
Երևանի «Թերլեմեզյան» ցուցասրահում Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ բացվել է արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի՝ արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում արված լուսանկարների «Պատերազմի աչքերը» ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին ներկայացվել են շուրջ 100 լուսանկարներ՝ Արցախի տարբեր վայրերից, որտեղ ընթացել են թեժ մարտեր: Լուսանկարիչը պատկերել է նաև թիկունքը՝ ավերված քաղաքներ, ծննդատուն, հիվանդանոցներ, եկեղեցի, ապաստարաններ, սպասող մայրեր, կանայք, երեխաներ: Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ ապրիլի 18-ը: Հաջորդ ցուցահանդեսը կկայանա Ստեփանակերտում:
«Այդ 44 օրերին ընթացքում կար հպարտություն, կար վախ: Այդ վախը ես հաղթահարում էի իմ տեսախցիկով, փորձում էի գոնե լուսանկարչական ապարտով մի բան անեի երկրիս համար: Բայց այդ օրերին ամենաշատը հպարտության զցողությունն էր, մինչև վերջին պահը ես այն կարծիքին էի, որ ամեն ինչ լավ է լինելու»,- «Արմենիա» ՀԸ-ի «Բարի լույս» հաղորդման ժամանակ պատմում է Դավիթը:
Նա հիշում է, որ առաջին լուսանկարն արել է սեպտեմբերի 27-ին Ստեփանակերտում, առաջին հրետակոծված բնակարանն էր, մանկական սենյակ էր, որտեղ նաև արյուն կար. «Երբ մտա այդ սենյակ, իրոք, չէի հավատում, որ պատերազմ է սկսվել: Արյուն կար այնտեղ, չէի կարող գունավոր անել այդ նկարը, սև ու սպիտակ արեցի՝ դրանով բնութագրելով պատերազմի արհավիրքը»:
Դավիթն ասում է՝ հիմա զինվորների նկարներն են, որ ինչքան էլ նայում է, միշտ ժպիտ է առաջանում դեմքին. «Օրինակ, մեր ցուցահանդեսի պաստառին Կոլյայի լուսանկարն է: Կոլյան հիմա չկա, բայց ամեն անգամ, երբ նայում եմ այդ լուսանկարին, հույս է առաջանում, ինքը ժպտում է և այդ ժպիտը կարծես մնացել է»:
Նա նշում է՝ պատերազմից հետո է հեռուստատեսությամբ լսել, որ Կոլյան զոհվել է:
«Երբ դիրքեր էի գնում, մի քիչ վախ էր առաջանում մոտս, բայց տղաներն ինձ ուժ էին տալիս, նրանց մոտ ես չէի տեսնում վախ, միայն ուժ, հավատ, լույս ու հույս: Այնպես էի անում, իրենք չնկատեին այդ իմ վախը, եթե հասել էի այնտեղ, պետք է նկարեի»,- պատմում է Դավիթ Ղահրամանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան