Սա փնթի, ապաշնորհ իշխանության հերթական ձախողումն է. Էդմոն Մարուքյան
«Սա փնթի, ապաշնորհ իշխանության հերթական ձախողումն է, որը դատապարտելի է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով գերիների վերադարձի խնդրին։
Նրա խոսքով, իշխանությունները խաբելու են, որ մարդկանց ցույց տան, թե իբր իրենք մեղք չունեն, աշխարհը խառնվել է իրար և աշխարհի հետ են պրոբլեմները։
«Իսկ եթե աշխարհը խառնվել է իրար, մենք ունե՞նք էստեղ իշխանություն, որն ադեկվատ է ու պոտենցիալ ունի մտածելու, մի բան խոսելու, սեփական ժողովրդին ամեն օր չխաբելու։ Աշխարհը միշտ էլ խառնվում է, էս տարածաշրջանում միշտ էլ խառնված է եղել, սա երբեք խաղաղ տարածաշրջան չի եղել։ Ու հիմա ամեն ինչ բարդես տարածաշրջանի խառը լինելու հետ, ճիշտ չէ։ Իսկ դուք ինչ եք անում, ինչով եք զբաղվում»,- հարց հնչեցրեց Էդմոն Մարուքյանը։
Նա նկատեց, որ Փաշինյանը անում է նույն բաները, ինչ ժամանակին արել է Սերժ Սարգսյանը:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ իշխանությունն է շահարկել գերիների հարցը դրական իմաստով, փորձել են փիառ անել, թե տեսեք բերում ենք, հիմա չի բերվել ու խայտառակ եղան:
Ըստ նրա՝ այս երկրում արդեն սև ու սպիտակի բաժանում այլևս չկա, արդեն սև ու սև է:
«Այս ընտրությունը լինելու է շատ մեծ անակնկալ, գելխեղդներն ու գայլերը իրար հետ հեռանալու են, նախ՝ գելխեղդները «ֆեյք» են, իրանց մեջ գելխեղդ չկա, գայլերն էլ մի նենց գայլեր էլ չեն, երկուսն էլ հեռանալու են և գալու են նորմալ մարդիկ, որոնք երկիրն այս իրավիճակից հանելու են, օրինակ՝ իմ նման մարդիկ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պայմանավորվածությունը խախտելու հնարավորությանը, պատգամավորն ասաց, որ ամեն ինչ հնարավոր է, Փաշինյանից ամեն ինչ կարելի է սպասել:
«Ճգնաժամը կլուծվի, եթե այս իշխանությունը հեռանա, ոչ թե հեռանա, որ նախկին իշխանությունը գա, այլ հեռանան բոլորով»,- կարծիք հայտնեց Էդմոն Մարուքյանը։
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը ԶԼՄ-ներին տեղեկացրել էր, որ գերիների նոր խմբաքանակ է վերադառնում Հայաստան, սակայն, օդանավակայանում հավաքված ծնողները դիմավորել էին դատարկ ինքնաթիռ։
Եվ մինչ Հայաստանում պաշտոնապես հաստատում են՝ ապրիլի 8-ին հայ ռազմագերիների նոր խումբ է վերադառնալու, իսկ քիչ անց իրենք իրենց հերքում՝ ասելով, թե գերիների հետ վերադարձը կրկին հետաձգվում է, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարում է, որ ռազմագերիների փոխանցման հարցը լուծված և փակ է, իր պարտավորություններին համապատասխան՝ Ադրբեջանը բոլոր ռազմագերիներին հանձնել է Հայաստանին:
Հարակից հրապարակումներ`
- Մուրադովը պրովոկացիա է որակել գերիների վերադարձի մասին պաշտոնական լրատվությունը
- Գերիների ծնողները տներում ուրախության սեղաններ էին գցել, իսկ ինքնաթիռները եկան դատարկ. Զոհրաբյան
- Անդրանիկ Քոչարյանը՝ գերիների վերադարձի մասին. Հերթական անգամ երևի խաղի կանոններ է ուզում փոխել հակառակորդ կողմը