«Կարմիր բլուրի» ծայրամասում ֆիքսել ենք մարդու գործունեության հետքեր. Միքայել Բադալյան
«Մարտի վերջերին Հյուսիս-Հարավ մայրուղու Արգավանդի խճուղին Շիրակի փողոցին կապող հատվածում, որը նաև շրջանցում է «Կարմիր բլուր» հնավայրը, ճանապարհի շինարարության ժամանակ շինարարները խեցեղեն բեկորներ են գտել»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, հնագետ Միքայել Բադալյանը։
Նրա խոսքով, այս մասին տեղեկանալով՝ շինարարական աշխատանքները դադարեցվել են, դիմել են ԿԳՄՍ նախարարությանը հրատապ կերպով պեղումներ իրականացնելու համար, և թույլտվություն ստանալուց հետո՝ ապրիլի 3-ից սկսել են տարածքում կանխարգելիչ պեղումներ իրականացնել։
«Այդ փոքրիկ տարածքի մի հատվածը բավականին վնասված է, բայց հետաքրքիր է, որ մենք այստեղ, հենց շերտագրական կտրվածքի մեջ գտել ենք խեցեղեն տարբեր բեկորներ, որոնք և՛ ուրարտական են, և՛՝ տեղական։ Կան կարմիր փայլեցված մակերեսով, սև մակերեսով բեկորներ։ Սա շատ կարևոր է մեր հնագիտության համար, քանի որ ունենք տեղականի և ուրարտականի համադրություն: Դա մեր հնագիտության կարևոր, ոչ այդքան շատ լուսաբանված խնդիրներից մեկն է:
Կարևոր է փաստել, որ մենք «Կարմիր բլուրի» ծայրամասում ֆիքսել ենք մարդու գործունեության հետքեր: Բացվել է կառույց՝ քարերի կանոնավոր շարով, ինչը ևս խոսում է մարդու կողմից իրականացված գործունեության մասին: Դա կարող է լինել դամբարան կամ մեկ այլ կառույց: Ապրիլի 8-ին ուրարտական ժամանակաշրջանի միջին չափի կարասի ստորին հատված գտանք, և սա մեզ համար կարևոր բացահայտում է»,- նշեց Միքայել Բադալյանը:
Նա տեղեկացրեց, որ իրենք ապագայում հոդված կպատրաստեն այս պեղումների մասին, որում մանրամասն կներկայացվի ամեն ինչ։
Միևնույն ժամանակ, Միքայել Բադալյանը հայտնեց, որ այդ հատվածում 2013-2016թթ. հնագետ Հակոբ Սիմոնյանի գլխավորությամբ լայնամասշտաբ պեղումներ են իրականացվել՝ հիմնականում ստուգողական փոսերով, որտեղ հնագիտական շերտեր չեն գտնվել:
«Մենք այս տարի Կարմիր բլուրում շատ հետազոտական աշխատանքներ ենք իրականացնելու։ Ճեմուղին, որ տանում է դեպի ամրոց, դրանից աջ ընկած հատվածում հայտնաբերվեցին հզոր պատի հետքեր, և մենք այդտեղ սկսեցինք հետազոտություններ. հայտնաբերվել են մի շարք հզոր պատերի, կառույցների հետքեր, որոնք խոսում են այն մասին, որ այդտեղ գուցե ուրարտական թաղամաս ունենք: Պատկերացրեք՝ 1.70, 2 մետր լայնությամբ, 20 մետր երկարությամբ պատեր, ու այս տարի այդտեղ իրականացնելու ենք լայնածավալ պեղումներ, չի բացառվում, որ կսկսենք ամռան սկզբին»,- ասաց Միքայել Բադալյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան