Մենք չենք պարտվել, մենք խայտառակվել ենք ու դավաճանվել. Միքայել Մինասյան
Հայաստանը ռեսուրս չունի պատերազմելու։ Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասում է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ նշելով, որ Հայաստանն այլընտրանք չունի խաղաղության։
«Մենք չենք պարտվել, մենք խայտառակվել ենք ու դավաճանվել։ Մենք շարունակում ենք ներկայանալ աշխարհին կապիտուլյանտով։ Մենք չենք կարող պատերազմել, բայց չենք կարող խայտառակված մնալ։ Մենք պետք է արժանապատիվ խաղաղության աշխատանքներ սկսենք։ Իսկ դրա համար պետք է ընտրենք, թե որ կենտրոնի վրա ենք հենվում։ Ում շահերն են համընկնում մեր երկրի շահերի հետ։ Միանգամից ասեմ՝ այսօր դա Մոսկվան է, դրան չկա այլընտրանք։ Ով ինչ ասում է՝ խաբում է, բայց նույնիսկ այսօր Մոսկվայի հետ հարաբերություններում ՀՀ-ն պարտվողական կարգավիճակում է»,- նշում է Միքայել Մինասյանը։
Նա ընդգծում է՝ ինքը ՌԴ-ի հետ եղբայրության կողմնակից է։
«Ես արժանապատիվ եղբայրության կողմնակից եմ։ Դա էլ է աշխատանք, դա էլ է դիվանագիտություն։ Մենք այսօր պետք է հետ բերենք մեր լավ ելակետային դիրքերն առաջին հերթին Մոսկվայում։ ՀՀ և ՌԴ շահերը 90 տոկոսով համընկնում են։ Ես խոսում եմ այսօրվա մասին, չգիտեմ ինչ կլինի 5 տարի հետո, բայց դա էլ արդեն դիվանագիտության արվեստ է, պրոֆեսիոնալիզմ, այնպես անել, որ քո հիմնական դաշնակցի շահերը միշտ լինեն համահունչ քո շահերի հետ։ Դրա նախադեպը կա՝ ԱՄՆ-Իսրայել. եղել է ժամանակ, երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը ունեցել են ավելի վատ հարաբերություններ, քան ՀՀ-ն և ՌԴ-ն հիմա»,- ասում է Մինասյանն ու ավելացնում.
«Արցախը, հանած մեր սրբազան տղաների արյունը, պարտություն է բոլորի համար։ Ինչ է՝ մտածում եք, որ Արցախի հարցը լուծվե՞լ է»։
Մինասյանը հարցը նայելով Ադրբեջանի տեսանկյունից, կանխատեսում է Ադրբեջանի համար մեծ խնդիրներ։
«Ալիևը չի կարող իշխանությունը պահել՝ առանց նոր պատերազմի։ Նոր պատերազմ չի կարող անել, որովհետև եթե նախկինում ինքը ուներ հայ զինվորներ, որոնց միջազգային հանրությունը հանդուրժում էր, որ կարող էր կրակել, ապա այսօր ինքն ունի ռուս զինվորներ, խաղաղապահներ։ Ո՞նց է այդ հարցը լուծելու։ Ինչ ունի նա՝ չլուծված հարց և ՌԴ զինված ուժեր»,- նշում է Միքայել Մինասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Եթե ես որոշեմ մասնակցել այս ընտրություններին, ապա դա անելու եմ իմ դեմքով. Միքայել Մինասյան
- Միքայել Մինասյանը հարցազրույց է տվել, որը կհրապարակվի վաղը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան