Գերիների ծնողները փակել են Շիրակի մարզի ճանապարհները. «Թող 54-ին էլ բերեն»
Արցախյան վերջին պատերազմի ընթացքում գերեվարված քաղաքացիների հարազատները փակել են Շիրակի մարզ տանող ճանապահներից մեկը։
Նրանք պահանջում են, որ իշխանությունները իրենց տղաներին հետ բերեն։
«Մնալու ենք այստեղ, քանի դեռ մեզ ստույգ պատասխան չեն տվել։ Մենք ուզում ենք իմանալ՝ երբ մեր երեխեքին կբերեն»,- ասաց ծնողներից մեկը։
Մեկ ուրիշն էլ նկատեց՝ իրենց արդեն այդ՝ գերիներին վերադարձնելու խոստումն էլ չի բավարարում, քանի որ կարող է նորից խաբեն իրենց։
«Կմնանք, մինչև մեր երեխեքին բերեն։ Թող մեր 54 երեխեքին էլ բերեն։ Մենք մարզի բոլոր ճանապարհները փակ ենք պահելու»,- ասացին նրանք։
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը ԶԼՄ-ներին տեղեկացրել էր, որ գերիների նոր խմբաքանակ է վերադառնում Հայաստան, սակայն, օդանավակայանում հավաքված ծնողները դիմավորել էին դատարկ ինքնաթիռ։
Եվ մինչ Հայաստանում պաշտոնապես հաստատում են՝ ապրիլի 8-ին հայ ռազմագերիների նոր խումբ է վերադառնալու Հայաստան, իսկ քիչ անց իրենք իրենց հերքում՝ «գերիների հետ վերադարձը կրկին հետաձգվում է», Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարում է, որ ռազմագերիների փոխանցման հարցը լուծված և փակ է, իր պարտավորություններին համապատասխան ՝ Ադրբեջանը բոլոր ռազմագերիներին հանձնել է Հայաստանին: