Չինաստանում ույղուրներին հարկադիր աշխատանքի չեն դրդում
Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հարկադիր աշխատանքի օգտագործման փաստեր գոյություն չունեն ոչ միայն բամբակի արտադրության մեջ, այլև Չինաստանի Սինցզյան-Ույղուրական Ինքնավար մարզի տնտեսության այլ ճյուղերում: «ՌԻԱ նովոստի»-ի տեղեկացմամբ, այդ մասին ուրբաթ օրն ասել է տարածաշրջանի կառավարության մամուլի ծառայության ղեկավար Էլիջան Անայաթը:
Սինցզյանում բամբակի պլանտացիաներում ույղուրների հարկադիր աշխատանքի մասին աղմուկը բարձրացել էր մարտի վերջին, այն բանից հետո, երբ ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Կանադան և Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ կիրառեցին Չինաստանի դեմ՝ ույղուրների իրավունքները ոտնահարելու, ազգային փոքրամասնություններին հետապնդելու և հարկադիր աշխատանքում օգտագործելու մեղադրանքով:
Այս ֆոնին Չինաստանի երիտասարդական կոմունիստական միությունն իր էջում տեղադրել է շվեդական H&M ապրանքանիշի հայտարարության մի քանի սքրինշոթ, որ ընկերությունը կդադարեցնի մատակարարներից ընդունել Սինցզյան քաղաքում արտադրված բամբակը: Չնայած այն փաստին, որ այդ հայտարարությունն արվել էր անցյալ տարի, այն Չինաստանում հասարակության ուշադրությունը գրավեց միայն հակաչինական պատժամիջոցներից հետո:
Պաշտոնական լրատվամիջոցների աջակցությամբ զայրացած չինացի օգտատերերը զանգվածային արշավ են սկսել՝ բոյկոտելու միջազգային ապրանքանիշերը, որոնք հրաժարվել են օգտագործել սինձյանական բամբակը: Adidas-ը, Nike-ը, Puma-ն, Lacoste-ը, Burberry-ն և մի շարք այլ հայտնի ապրանքանիշեր բուռն քննադատության տակ էին հայտնվել: Չինացի շուրջ 40 հայտնի մարդիկ հայտարարել են, որ այլևս չեն համագործակցելու այս ապրանքանիշերի հետ:
«Սինցզյանի բամբակի արդյունաբերությունում հարկադիր աշխատանք չկա, այլ ոլորտներում դա նույնպես գոյություն չունի: Սինցզյանի մարզում բոլոր ազգությունների ներկայացուցիչների աշխատանքը պաշտպանված է օրենքով, Գործարաններում նրանք առաջնորդվում են Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության կանոններով և խստորեն պահպանում են ՉԺՀ աշխատանքային օրենսգիրքը»,- Ճեպազրույցում ասել է Էլիջան Անայաթը: