Առաջարկվում է նվազեցնել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի համար ԱՁ-ից գանձվող գումարների չափը
Մեկնարկել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ Քննարկվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։
Հիշեցնենք, որ Կառավարության արդեն իսկ 2020 թվականի տարեվերջին օրենքում փոփոխություններ կատարել է, և այժմ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի համար նախկին 1000 դրամի փոխարեն 1500-ից 15 հազար դրամ է գանձվում՝ կախված աշխատողի աշխատավարձի չափից։
Հիմնական զեկուցող, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի խոսքով, Կառավարությունը 2020-ի տարեվերջին օրենքն ընդունելիս աչքի առաջ ունեցել է ավելի վատ սցենար, քան այժմ առկա է։ Ըստ նրա, այժմ արդեն որոշակիորեն հստակություն կա, և պարզ է, որ պատերազմում զոհվածների թիվը չի կարող գերազանցել 4 հազարը։
«Մենք կառավարության հետ մի հարցի շուրջ ունենք կոնսենսուս, դա այն է, որ անհատ ձեռնարկատերերից գանձվող գումարի չափը պետք է էականորեն վերանայվի դեպի ներքև ուղղությամբ։ Թե որքան պետք է դարձնել, դա կորոշվի ապրիլ-մայիս ամիսների վիճակագրական տվյալները ուսումնասիրելուց հետո»,- նշեց նա։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նկատեց՝ նախագծում տրամաբանությունը սխալ է գնում։
«Եթե մենք իջեցնում ենք ԱՁ-ներից գանձվող գումարը, բայց այդ սահմանաչափը բարձրացնում ենք բարձր աշխատավարձ ստացողների համար, օրինակ՝ ԱՁ-ների համար մինչև 12 մլն ստացողները տարեկան 48 հազար դրամ պիտի վճարեն, բայց 1 մլն և ավելի աշխատավարձ ստացողները ամսական 15 հազար դրամ պետք է տան, ապա այդ ճանապարհով ստիպում ենք, որ բարձր աշխատավարձ ունեցոներն էլ ԱՁ բացեն։ Դուրս է գալիս, որ 1 մլն աշխատավարձ ստացողը տարեկան վճարելու է 180 հազար դրամ, իսկ ԱՁ-ն, որն ունի նույնքան շրջանառություն, վճարելու է 48 հազար դրամ»,- կարծիք հայտնեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ գործող օրենքով 100-ից 150 հազար դրամ ստացող քաղաքացիները գործող տարբերակով ամսական գանձվում է 3 հազար դրամ, 200-500 հազար դրամ ստացողներից՝ 5500 դրամ, 300 հազարից ավելի՝ մինչև 750 հազար դրամ աշխատավարձի դեպքում՝ 8500 դրամ, 1 միլիոն մեկ դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում՝ 15 հազար դրամ։
Անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը կատարում են այլ դրույքաչափով` 18 հազար դրամից մինչև 180 հազար դրամ. մասնավորապես՝ մինչև 1 միլիոն 200 հազար դրամ հաշվարկման բազայի դեպքում 18 հազար դրամ, 1 միլոն 200 001-ից մինչև 2 միլիոն 400 հազար դրամ հաշվարկման բազայի դեպքում 36 հազար դրամ, 2 միլիոն 400 001-ից մինչև 6 միլիոն դրամ հաշվարկման բազայի դեպքում 66 հազար դրամ, 6 000 001-ից մինչև 12 միլիոն դրամ հաշվարկման բազայի դեպքում 102 հազար դրամ և 12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում 180 հազար դրամ։
Հարակից հրապարակումներ`
- «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը մշակել է քաղաքացուն անհետ բացակայող ճանաչելու դիմումի ձևանմուշ
- Անհրաժեշտ է 999. 900 մարդ, որ ամեն ամիս 25 հազար դրամ կնվիրաբերի զինծառայողների հիմնադրամին
- Զոհվածների ընտանիքներին տրամադրվող հատուցումները շարունակական բնույթ են կրում. ԶԱՀ
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են