Եթե ԱԺ-ն չհասցնի ընդունել օրենքը, ապա միջազգային դպրոցի հարկային ակտի դիմաց կրկին պետությունը կվճարի
«Դիլիջանի միջազգային դպրոցի ղեկավարությունը նամակով դիմել էր կառավարությանը, ԱԺ-ին և մտահոգություն էր հայտնել, որ եթե օրենքը մինչև ապրիլի 20-ը չի ընդունվելու, ապա առկա խնդիրները նույն ձևով կրկնվելու են»,-հանձնաժողովի նիստում հայտնեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ ներկայացնելով օրակարգում ընդգրկված միակ հարցի՝ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի ընդունման հրատապությունը:
Նա տեղեկացրեց, որ երկու օր առաջ հանձնաժողովն արդեն դրական եզարակցություն էր տվել նախագծին, իսկ այսօրվա նիստում որոշվելու է նախագծի՝ առաջինից երկրորդ ընթերցումը 24 ժամյա ռեժիմով կազմակերպելու հարցը:
Թունյանի խոսքով՝ միջազգային դպրոցից նամակը ստանալուց հետո ֆինանսների նախարարի հետ խորհրդակցել են և գտել, որ նրանց մտահոգությունն արդարացված է:
«Եթե պատգամավորներին հաջողվի այնպես անել, որ հնարավորինս շուտ ընդուվի, ապա և պետությանը և դպրոցը ավելորդ քաշքշուկից և ժամանակի կորստից զերծ կմնան»,- հայտնեց հանձնաժողովի նախագահը:
Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հիշեցրեց, թե որոնք էին այն փոփոխությունները, որոնցով հնարավորություն է տրվում Դիլիջանի միջազգային դպրոցին օգտվել շահութահարկից ազատվելու արտոնությունից:
Նրա խոսքով՝ միջազգային դպրոցի համար նախապայման է նախատեսված, ըստ որի՝ մինչև հաշվետու տարվա հաջորդ տարվա ապրիլի 15-ը զուտ շահույթը պետք է ներդրված լինի տվյալ ծրագրի շրջանակներում՝ որպես վերաներդում և այն մասը, որը կհսացնեն ներդնել, միայն այդ մասը կազատվի շահութահարկումից:
Պողոսյանի ներկայացմամբ՝ խնդիրը նրանում է, որ օրենքում օգտագործված եզրույթները հատկանշական են ոչ թե հարկային հաշվառմանը, այլ ֆինանսական, հաշվապահական հաշվառմանը, քանի որ օգտագործվում է զուտ շահույթ եզրույթը և գործնականում ստեղծվում է այնպիսի իրավիճակ, երբ ընկերությունը ֆինասնական առումով չունի շահույթ, այլ ունի վնաս, բայց հարկային հաշվառման արդյունքներով ունի հարկվող շահույթ:
Նման երևույթ, ըստ նրա, կարող է առաջանալ այն ժամանակ, երբ հաշապահական հաշվառման նպատակներով ընդունվում են ծրագրում ընդկրկված կազմակերպությունների կողմից ծախսերն ամբողջությամբ, իսկ հարկային հաշվառման արդյունքներով չեն ընդունվում, քանի որ պատշաճ փաստաթղթավորված չեն, կամ ընդունվում են նորմայի սհամաներում՝ որովհետև այդ ծախսի տեսանկյունից Հարկային օրենսգրքում սահմանված է նորմատիվ:
«Քանի որ ընկերությունը չունի զուտ շահույթ, ապա չի կարող որևէ գումար ներդնել ծրագրի շրջանակներում որպես վերաներդրում, հետևաբար՝ արտոնության կիրառության նախապայմանը չի ապահովվի»,- հայտնեց փոխնախարարը և հավելեց. «Սա անարդար իրավիճակ է, քանի որ բոլորը հասկանում են, որ սա ֆինանսական և հարկային հաշվառման մեթոդաբանությամբ պայմանավորված օբյեկտիվ երևույթ է»:
Նրա խոսքով՝ նախագծով առաջարկվում է օրենքում ուղիղ ամրագրել, որ ծրագրի շրջանակներում հարկված եկամուտները շահութահարկի նպատակով հարկված եկամուտ չեն համարվում, ծախսերն էլ շահութահարկի նպատակով չեն ծախսվում:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ այդ նույն դրվագով անցյալ տարի Դիլիջանի միջազգային դպրոցի դեմ ստուգման ակտ է կազմվել և հարկային պարտավորություններ են առջադրվել, բայց կառավարությունը, ընդունելով իրավիճակի օբյեկտիվությունը և որ օրենքում այս մասով կան ոչ հստակ, ոչ արդարացի կարգավորումներ՝ պետական բյուջեով նախատեսել է այդ պատասխանատվության միջոցի համար վճարման անհրաժեշտ գումարը՝ որպեսզի ընկերությունն այդ պարտավորությունը մարի:
Նա հավելեց, որ օրենքի նախագծում նաև ամրագրվել է, որ եթե ընկերությունը կիրականացնի ծրագրկ հետ չկապված գործողություններ, ապա կահրկվի շահութահարկով և ԱԱՀ-ով:
Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ ապրիլի 20-ը շահութահարկը ներկայացնելու և վճարելու վերջնաժամկետն է և շատ ցանկալի է, որ այն մինչ այդ ընդունվի, բայց եթե չընդունվի, ապա միևնույնն է դպրոցը չի վճարի շահութահարկը:
Հանձնաժողովն ընդունեց օրենքի նախագիծը 24 ժամյա ռեժիմով անցկացնելու որոշումը, իսկ Թունյանն էլ խոստացավ, որ ԱԺ խորհրդի նիստում դրա քննարկման հերթն առաջ կտանի: