Մեր ջանքերն ուղղված են լինելու ազգային ինքնության ճգնաժամի հաղթահարմանը. Արա Զոհրաբյան
«Մեր ջանքերն ուղղված են լինելու ազգային ինքնության ճգնաժամի հաղթահարմանը»,- «Զարթոնք» ազգային քրիստոնեական նախաձեռնության հիմնադիր ասուլիս-քննարկման ժամանակ հայտնեց Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, որը նաև նախաձեռնության համահիմնադիրն է:
Բացատրելով նախաձեռնության «Զարթոնք» անունը՝ Արա Զոհրաբյանը նշեց, որ այն նշանակում է քնից արթնանալու վիճակ, ինքնագիտակցության վերադարձ:
Նրա կարծիքով՝ տարիների ընթացքում պետության ռեսուրսների սխալ օգտագործումը և 2018 թվականին իշխանության եկած ուժը նպաստեցին ներկայիս իրավիճակին:
Զոհրաբյանը շեշտեց, որ պարտությանն առաջին հերթին նպաստել է գործող իշխանությունը՝ թիրախավորելով բանակը, ընտանիքը և եկեղեցին:
«Մի կողմից պարզ է, որ տեղի ունեցածի հիմնական պատասխանատուն իշխանությունն է, մյուս կողմից՝ հանրությունը կամա, թե ակամա չի կատարել տնային աշխատանքի իր բաժինը»,-հայտարարեց «Զարթոնք» նախաձեռնության հիմնադիրը:
Բանախոսը համոզմունք հայտնեց, որ քաղաքական ոլորտում արդյունավետ է լինում այն ծրագիրը, որն անպատասխան չի թողնի ինքնության հարցադրումը, այդ առումով ստեղծվող նախաձեռնությունը մեծապես կարևորում է ազգային արժեքների վերասահմանումը, պաշտպանությունը, Հայաստանի Առաքելական սուրբ եկեղեցու դերի բարձրացմանը:
Զոհրաբյանը հայտնեց, որ կձգտեն զորաշարժել հայությանը ազգային մեծ ծրագրի շուրջ և այդ նպատակով կուսումնասիրեն բոլոր ոլորտները, վեր կհանեն խնդիրները և դրանց լուծման ծրագիր կներկայացնեն, որի նպատակը քրիստոնեական արժեքների վրա հիմնված հզոր պետության կայացումն է:
Արա Զոհրաբյանը նկատեց, որ «Զարթոնք»-ի գաղափարախոսությունը հիմնվելու է 5 սյունի վրա:
Նրա ներկայացմամբ՝ առաջին սյունը կայուն պետական կառավարման համակարգն է, որի համար պետք է արդյունավետ կառավարման ձև լինի:
Ըստ Զոհրաբյանի՝ ԱԺ-ն պետք է լինի երկպալատ, քանի որ վերջին տարիները ցույց տվեցին, որ պոպուլիստական քաղաքականությունը բերել է պետության դիմադրության նվազման:
Ներկայացնելով, որ խորհրդարանի առաջին պալատն ուղիղ ժողովրդավարական ճանապարհով ընտրված ներկայացուցիչներ են, որոնք կարող են ընդունել պոպուլիստական օրենքներ՝ Արա Զոհրաբյանը հայտնեց, որ երկորդ պալատը ձևավորվելու է մասնագետներից՝ մշտական հիմունքներով կամ որոշակի ժամկետով:
«Եթե պոպուլիստական ուժերը գրավեն ստորին պալատը, ապա վերին պալատը լինելու է անվտանգության բարձիկը»,- հայտնեց նախաձեռնության համահիմնադիրը:
Արդար և առողջ հասարակությունը, ըստ Արա Զոհրաբյանի, երկրորդ սյունն է, իսկ տնտեսապես զարգացած երկիր ունենալը՝ երրորդը:
«Չորրորդ սյունը, անվտանգ և պաշտպանված երկիրն է»,- հայտարարեց Փաստաբանների պալատի նախագահը և շեշտեց, որ այն չի ապահովվել այս իշխանությունների կողմից, այդ պատճառով էլ ներկայում պետությունը ստիպված ապավինում է այլ երկրների օգնությանը:
Նախաձեռնության հինգերորդ սյունը, ըստ շարժման համահիմնադիրի, կրթված ազնիվ և հայրենասեր քաղաքացին է:
Արա Զոհրաբյանը հայտնեց, որ նախաձեռնությունը ունի 3 նպատակ՝ երկրի սահմանների, անվտանգության գոտիների և պատերազմի հետևանքով տուժած անձանց իրավունքի պաշտպանությունը, հասարակական վերահսկողության, առաջարկությունների և ընտրությունների միջոցով իրավասու մարմինների որոշումների վրա ազդեցությունը և երրորդ՝ 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի անհաջող ելքի պատճառների բացահայտումը և մեղավորներին պատասխանատվության ենթարկելը:
Շարժումը գտնում է, որ ՀՀ-ն պետք է նպաստի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը և երաշխավորի Արցախի Հանրապետության անվտանգությունը:
Արա Զոհրաբյանը հայտնեց, որ նախաձեռնության հիման վրա ձևավորվելու է կուսակցություն և չբացառեց, որ որևէ ձևաչափով կմասնակցեն ընտրություններին, սակայն բացառեց համագործակցությունը գործող իշխանության որոշում ընդունող ներկայացուցիչների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան