Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներով ավտոբուս է վթարի ենթարկվել
Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, վթարի հետևանքով տուժել է 26 ռուս, ևս մեկ ուղևոր մահացել է։
Ավտոբուսն Անթալիայից շարժվում էր դեպի Կապադովկիա։ Վթարը տեղի է ունեցել այսօր առավոտյան Քոնյայի մայրուղու վրա։
Ռուսական լրատվամիջոցները հրապարակել են ավտոբուսի վթարի ենթարկվելու պահը։ Դեպքի վայր են ժամանել փրկարարներ ու շտապ օգնության աշխատակիցներ։ Տուժածները տեղափոխվել են Քոնյա և Սելչուկ քաղաքների հիվանդանոցներ։
Անկարայում Ռուսաստանի դեսպանատանը վթարի վերաբերյալ ևս տարածել է հայտարարություն, գրում է «Ինտեֆաքս»-ը:
Ինչպես նշված է դեսպանատան Facebook-ի պաշտոնական էջում տեղադրված հաղորդագրության մեջ, 32 ռուսաստանցի զբոսաշրջիկ Անթալիա տեղափոխող ավտոբուսի վթարը տեղի է ունեցել այսօր՝ առավոտյան 9:30-ին, Քոնիա-Աքսարայ մայրուղու վրա: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վիրավորվել է Ռուսաստանի 14 քաղաքացի:
Դեսպանատնից հայտնել են, որ իշխանությունները հաստատել են ռուս զբոսաշրջիկներից մեկի մահը:
Տուժածները տեղափոխվել են Կոնիա և Սելչուխան բնակավայրերի մոտակա հիվանդանոցներ, նրանց տրամադրվում է շտապ բժշկական օգնություն:
Անթալիայի իրավապահ մարմիններից գլխավոր հյուպատոսության ստացած նախնական տեղեկությունների համաձայն, եղանակային վատ պայմանների պատճառով ավտոբուսի վարորդը մերկասառույցի վրա կորցրել է կառավարումը, մեքենան ընկել է փոսը և շրջվել:
Անկարայում Ռուսաստանի դեսպանության երկու աշխատակիցներ դեպքի վայր են մեկնել տուժած ռուսներին հյուպատոսական օգնություն ցույց տալու և դեպքի հանգամանքները պարզելու համար: