Եկեղեցին այսօր նշում է Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը
Սուրբ Հարության տոնի հաջորդ շաբաթ օրը Հայ Առաքելական Եկեղեցում Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է:
Հիսուս Քրիստոսին մկրտողի և Նրա գալուստն ավետողի՝ Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման պատմությանն առավել մանրամասն անդրադարձել են Ս. Մատթեոս և Ս. Մարկոս ավետարանիչները (Մատթ. 14:1-12, Մարկ. 6:14-29):
Արարատյան հայրապետական թեմից մանրամասնում են, որ ըստ ավետարանիչների՝ Հերովդես թագավորը ձերբակալում և բանտ է նետում Հովհաննես Մկրտչին, որովհետև նա մեղադրում էր թագավորին՝ եղբորը սպանելու ու նրա գահին տիրանալու և կնոջը՝ Հերովդիային կնության առնելու համար: Հերովդեսը չի համարձակվում սպանել Հովհաննես Մկրտչին: Սակայն, իր ծննդյան օրը հրապուրվելով Հերովդիայի դստեր պարով, թագավորը երդվում է տալ նրան այն, ինչ կամենար:
Ոխակալ Հերովդիայի ցուցումով աղջիկը ցանկանում է Հովհաննես Մկրտչի գլուխը: Սուրբ Աստվածածնից հետո Ս. Հովհաննես Մկրտիչը Հայ Առաքելական Եկեղեցու մեծագույն սուրբն է:
Սրբի անունը, իբրև բարեխոսի, ժամերգության ընթացքում ընթերցվող մաղթանքի մեջ հիշատակվում է երկրորդը՝ Սուրբ Աստվածամոր անունից հետո: Ըստ ավանդության՝ Ս. Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայից իր հետ Հայաստան է բերել սրբի մասունքներից և ամփոփել Մուշ քաղաքին մոտ գտնվող վայրում, ուր և հետագայում կառուցվել է նշանավոր Ս. Կարապետ վանքը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան